Դիցաբանությունը միայն միֆերով լցված կույտ չէ, այն նաև սովորեցնում է կնոջ ու տղամարդու հարաբերությունների նուրբ արվեստը, որը պետք կգա յուրաքանչյուր սիրահար զույգի։ Վերջերս հոգեբանները առանձնացրել են դիցաբանության թերևս ամենահայտնի հերոսին՝ Հերկուլեսին, ում և Օմֆալայի սիրային կապի օրինակով էլ բացատրել են, թե ինչպես կարելի է ենթարկեցնել տղամարդուն ու ստիպել նրան խելքահան լինել։

Հերկուլեսը անհաղթ ու անվախ հերոս էր, ով կարողացավ հաղթել Հիդրային, առասպելական ցուլին, բայց, չգիտես ինչու, Օմֆալայի գայթակղությանը չդիմացավ ու ամբողջովին կորցրեց իր քաջությունը նրա ճիրաններում։ Ինչպե՞ս Օմֆալային դա հաջողվեց։

Հերկուլեսը հայտնվեց Օմֆալայի ապարանքում, երբ նա սպանել էր Իֆիտի որդուն ու ստիպված էր ստրկության մատնվել՝ կնոջը հանձնելով իր զենքը։ Սկզբում Հերկուլեսը դիմադրում էր, սակայն հետո նա անհույս սիրահարվեց Օմֆալային և ինքնակամ նրան հանձնեց իր զենքը։ Հերկուլեսն այնքան էր իրեն կորցրել, որ օրերով դուրս չէր գալիս Օմֆալայի սենյակից ու համաձայն էր նրա հետ անցկացնել իր ամբողջ ժամանակը, անգամ կնոջ հագուստ հագնելու ու աննկատ նրա սենյակ մտնելու գնով։

 

Այս սիրային պատմությունը երկու կարևոր հաղորդագրություն է ուղարկում.

Սերը կարող է զինաթափել անգամ ամենաուժեղ հերոսին։
Տղամարդը կնոջ գրկում կարող է կորցնել իր ամբողջ տղամարդկայնությունը։
Սակայն ինչպե՞ս էր, ի վերջո, Օմֆալան հասել Հերկուլեսի ուշադրությանը։ Հոգեբանները նրանց օրինակով առանձնացնում են 3 կարևոր պայման.

Լինել ուժեղ և միաժամանակ շատ փխրուն։ Հերկուլեսը ցույց տվեց, որ տղամարդիկ, միևնույն է, սիրում են ուժեղ կանանց, ովքեր հաստատուն ու ամուր կամք ունեն և ինքնուրույն են իրենց որոշումներում, սակայն նրանք պետք է կարողանան նաև փխրուն լինել, որ տղամարդն իրեն կնոջ կյանքում ավելորդ չզգա։
Զբաղվել սիրելի աշխատանքով։ Օմֆալան շարունակում էր իշխել իր ապարանքում, նա դրանից չէր հրաժարվում, ինչն էլ իրոք գրավում էր Հերկուլեսին։ Կան կանայք, ովքեր հրաժարվում են իրենց աշխատանքից, իրենց սովորական կյանքից, որպեսզի ավելի մեծ ժամանակ նվիրեն իրենց սիրելիին, սակայն հենց դա է, որ ապագայում դառնում է հիասթափության պատճառ, իսկ նրանք, ովքեր շարունակում են իրենց սիրելի գործով զբաղվել, միշտ էլ մնում են ուշադրության կենտրոնում։
Տղամարդուն ուշադրության կենտրոնում չպահել։ Օմֆալան Հերկուլեսին անտեսում էր, ու հենց դա էլ գրավել էր հայտնի հերոսին։ Նա կարծես ևս մեկ անգամ ցույց տվեց, որ որքան շատ ես ընկնում տղամարդու հետևից ու նրան հասանելի դառնում, այնքան նա չի ցանկանում ենթարկվել քեզ ու փնտրում է այլ տարբերակներ։

Այս երեք խորհուրդները մեզ են հասել դիցաբանության խորքերից, բայց դրանք մինչ օրս արդի են ու կարող են օգտակար լինել յուրաքանչյուր կնոջ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամեն ինչից կարելի է դասեր քաղել ու ինֆորմացիա կորզել։ Սերն ու կինը միշտ էլ կմնան տղամարդու թույլ կողմերը, որոնք նա չի կարողանա հաղթահարել։