ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը բացառիկ հարցազրույց է տվել Tert.am-ին և պրոֆեսիոնալության տեսակետից ոչ կոռեկտ գնահատել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ լրատվամիջոցներով տարաբնույթ գնահատականներ հնչեցնելու գործելաոճը, բացատրելով, որ փաստաբանը կարող էր իր առարկությունները ներկայացնել օրենքով սահմանված կարգով՝ բողոքարկելով նախաքննական մարմնի կայացրած որոշումը կամ իրացնելով իր դատավարական այլ լիազորությունները:
Զինդատախազը անընդունելի է համարել նաև փաստաբանի հայտարարությունը տեսագրության հետ կապված՝ առ այն, թե Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված միջադեպը ներկայացնող հայտնի տեսագրությունը մոնտաժված է՝ հաշվի առնելով, որ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, և քանի դեռ չկա փորձաքննության եզրակացությունը, պնդել, որ տեսանյութը մոնտաժված կամ կեղծված է` անընդունելի է: Գևորգ Կոստանյանը միաժամանակ կասկած է հայտնել, թե Բուդաղյանների ձեռքի տակ կարող է լինել տեսագրության՝ այլ իրողություն փաստող տարբերակ՝ բացատրելով, որ եթե նման բան լիներ, ապա ոչ ոք չէր խանգարում նրանց, առնվազն իրենց շահերից ելնելով, ներկայացնել այն նախաքննական մարմնին կամ թեկուզ լրատվամիջոցներով այն հասու դարձնել հանրությանը:

Զինդատախազը ենթադրություն է հայտնում նաև, թե նման գործելաոճի հիմքում հավանաբար ընկած է փաստարկների բացակայությունը՝ այն, որ կողմը գիտակցում է, որ չունի բավարար ապացույցներ՝ առաջադրված մեղադրանքը հերքելու համար:

- Պարո՛ն Կոստանյան, Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ Tert.am-ի հետ հարցազրույցում, կարելի է ասել, ուղղակիորեն մեղադրեց զինդատախազությանը՝ իր պաշտպանյալի նկատմամբ սխալ որոշում կայացնելու և քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար, հայտարարելով, թե զինդատախազությունը սկզբում «նախապատրաստեց հասարակությանը, որից հետո շինծու մեղադրանք առաջադրեց»: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: Որքանո՞վ էր հիմնավոր Արտակ Բուդաղյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու և վերջինիս Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու) մեղադրանք առաջադրելու որոշումը:

- Նախ սկսեմ նրանից, թե ինչու են քրեական որոշ գործեր փորձում քննարկել ավելի շատ հրապարակային մակարդակով: Գործի հանգամանքների վերաբերյալ դիրքորոշումը մամուլի միջոցով հայտնելը, պրոֆեսիոնալ տեսանկյունից անընդունելի եմ համար: Որովհետև, եթե դատավարության մասնակիցը նախաքննության մարմնի կայացրած որոշումների վերաբերյալ ունի որոշակի առարկություններ, կոնկրետ հանգամանքների կամ որոշումների վերաբերյալ իր առարկությունը կարող է ներկայացնել օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես, գործին ներգրավված փաստաբանը իրավունք ունի իր անհամաձայնությունը, դիրքորոշումը կամ առարկություները ներկայացնել՝ քննիչի որոշումները, գործողություններն ու անգործությունը, դատախազի համապատասխան որոշումները բողոքարկելու միջոցով: Բողոքարկման արդյունքում կայացված որոշման մեջ, բնականաբար, կհնչեն իրեն մտահոգող բոլոր հարցերի պատասխանները: Իսկ եթե փաստաբանը, գուցե որպես պաշտպանության հատուկ մեխանիզմ կամ տակտիկա, ընտրում է ոչ իրավական ընթացակարգերը, դա իր գործն է: Ես կարծում եմ, որ փաստաբանը, իր պաշտպանյալի շահերի պաշտպանության արդյունավետության տեսակետից նախ և առաջ պետք է իրացնի վերջինիս դատավարական պաշտպանության եղանակները, հետո, ցանկության դեպքում, հրապարակային գործունեություն: Օրինակ, այս դեպքում, եթե կայացվում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում, մեղադրյալը կամ նրա պաշտպանը չեն բողոքարկում այդ որոշումը, ինչքան ուզում են թող տեղեկատվական դաշտում պնդեն, որ այդ որոշումը ապօրինի է: Եթե գտնում են, որ ապօրինի է՝ պետք է բողոքարկեն: Ընդ որում, որոշումների օրինականության կանխավարկածի տեսակետից, օրինակ, եթե անձը ներգրավվում է որպես մեղադրյալ, սակայն այդ անձը կամ նրա պաշտպանը չեն բողոքարկում այդ որոշումը, ուրեմն նրանք համաձայն են որոշմանը: Կրկնվեմ, գուցե հրապարակային տեղեկատվական գործունեությունը ավելի լավ պաշտպանության միջոց է, եղանակ, համենայնդեպս, ես դա չեմ համարում պրոֆեսիոնալ պաշտպանության տակտիկա և, ինձ համար՝ որպես իրավաբանի, այդ գործելաոճն անընդունելի է:

Եվ երկրորդը, ես կարծում եմ, նույն պրոֆեսիոնալության կամ պրոֆեսիոնալ էթիկայի տեսակետից կոռեկտ չէ, երբ որևէ փաստաբան, դատավարության որևէ այլ մասնակից գնահատականներ է հնչեցնում անձի վերաբերյալ: Առավելագույնս կարող են գնահատականներ տրվել քննիչի, դատախազի, այդ թվում` իմ կողմից կայացված որոշումներին՝ դրանց օրինականության կամ հիմնավորվածության տեսակետից: Եվ ոչ թե գնահատականներ տալ անձին: Դա համարում եմ նաև ուղղակի պրոֆեսիոնալ էթիկայի խախտում: Համենայնդեպս, ես զերծ եմ մնում անձանց, այդ թվում՝ իմ գործընկեր փաստաբաններին, գնահատականներ տալուց: Ես կարող եմ գնահատականներ տալ և տալիս եմ իրենց փաստարկներին և դատավարական գործելաոճին՝ համապատասխա¬նա¬բար իմ դատավարական որոշումների ձևով:

Ես պատրաստ եմ ցանկացած որոշում, եթե դրանք բողոքարկվեն վերադասության կարգով, քննարկել հրապարակայնորեն` նախաքննության գաղտնիության սահմաններում, բայց զուտ մասնագիտական մակարդակում: Փաստաբանը, պաշտպանը գուցե այլ գործելաոճ է ընտրում, երևի թե նաև ի նկատի ունենալով, որ իր իրավական փաստարկները բավարար չեն այս կամ այլ գործողությունը կամ որոշումը հերքելու համար, դրա համար իրենք ընտրում են հրապարակային քննադատության եղանակը առանց իրավական հենքի կամ հիմքի: Գուցե… Սա, կարծում եմ, յուրաքանչյուր փաստաբանի գործելաոճով է պայմանավորված:


- Իսկ ի՞նչ կասեք զինդատախազության անաչառության հետ կապված հնչող գնահատականների պահով, թե Դուք ինչ-որ տեղ ուղղորդել են նախաքննությանը:

- Ինչ վերաբերում է նրան, որ ի սկզբանե ուղղորդում է գնացել, ես առիթ ունեցել եմ ասելու, որ ոչ մի ուղղորդում չի կարող լինել: «Զինված հարձակումը», որ ես օգտագործել եմ նաև իմ հարցազրույցներում, քրեաիրավական կատեգորիա է, քրեաիրավական տերմին, երևույթ է, որը քրեական օրենսգրքի իմաստով տարբեր դրսևորումներ է ունենում: «Զինված հարձակումը»՝ որպես հանցագործություն, կարող էր դրսևորվել, ընդունենք այս դեպքում, սպառնալիքի ձևով՝ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, սպանության փորձով` քրեական օրենսգրքի 34-104 հոդվածով: Այսինքն՝ կա զինված հարձակում և զինված հարձակման հանգամանքներով, իրադրությամբ պայմանավորված՝ դա կարող է ունենալ քրեաիրավական տարբեր գնահատականներ: Այս մեղադրանքն ամենասկզբից չառաջադրվեց, քանի որ քրեական գործով պետք է ձեռք բերվեին բավարար ապացույցներ՝ առնվազն ճիշտ գնահատականի ենթարկելու համար՝ սա սպանության փո՞րձ էր, թե՞ սպառնալիք:

Իսկ ուղղորդում որակելը կամ այլ որակումները անհեթեթ եմ համարում, քանի որ նախաքննությունը չի կարող իրականացվել, և անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել և իրականացվել տվյալ մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ հասարակության որոշ հատվածի կամ որոշ անձանց հակակրանքը կամ համակրանքը հաշվի առնելով: Սա անընդունելի երևույթ է` անկախ հասարակական ճնշման աստիճանից: Համենայնդեպս, ուղղորդում որակելու համար պետք է լինի առնվազն ողջամիտ հիմք և ոչ թե ընդամենը հայտարարություններ` հասարակական ընկալում ձևավորելու համար:

Առավել մանրամասն՝ tert.am-ում