Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու 3 տանկ ոչնչացրած գյումրեցի սերժանտ Ռաֆայել Հովհաննիսյանը չի սիրում խոսել իր հերոսության մասին: Ասում է` հերոսություն չի արել, ուղղակի այդ պահին արել է հնարավորը:

Ապրիլի 2-ին, երբ հակառակորդը հարձակվել է, չի պատկերացրել, որ պատերազմ է, մտածել է հերթական դիվերսիոն գործողությունն է հակառակորդի կողմից:


«Պատերազմը սկսվեց հրետակոծությամբ, իսկ առավոտյան հարձակվեցին տանկերով ու հասկացանք, որ սա սովորական դիվերիա չէ, այլ պատերազմ է»,-աասաց նա:

Թշնամու 3 տանկերն էլ նույն օրն է խոցել` ապրիլի 2-ի առավոտյան 10:30-ից 11:00-ի սահմաններում:

«Միշտ վարժասարքով եմ եղել, ու մարտական զենքով կրակ չէի արել երբեք, ու ստացվեց… Չէի մտածում, որ կխոցեի, ուղղակի մտածում էի հաջող կրակեի»,-ասաց Ռաֆայելը:

Ռաֆայելը 3 տակն խոցելուց հետո էլ իրեն հերոս չէր զգում, ընդամենը ուրախ էր այդ պահին:

Պատերազմից 4 տարի անց, երբ Ռաֆայելը մտովի հիշում է Քառօրյան, ասում է, որ կարծես երազ լիներ. «Որ հիմա հիշում եմ, չգիտեմ, դա իրականություն էր, թե երեւակայություն: Չնայած որ լայնածավալ գործողությունները 4 օր տեւեցին, բայց դրա հետեւանքները դեռ երկար էին զգացվում»:

Ռաֆայելը խաղաղ ծառայություն է մաղթում բոլոր զինվորներին եւ վստահ է, որ հիմա էլ պատերազմ սկսվելու դեպքում նոր հերոսներ ենք ունենալու:

Ռաֆայելն այժմ ԵՊՀ-ում է սովորում` Հանրային կառավարման բաժնում:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Հովհաննիսյանը ցուցաբերած արիության համար պարգեւատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: