Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Jerusalem Post»-ին, որտեղ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությանը:

Ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի բախումները: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչի՞ է ձգտում հասնել:

Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային եւ պատմական պահանջներ, որոնք ուղեկցվում էին միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հանդեպ բարձրաձայնվող դժգոհություններով:

Սա Ադրբեջանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր: Վերջին լարվածությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից ուժի եւ իր թվացյալ ռազմական առավելության ցուցադրումը շեշտակիորեն անհաջողության մատնվեցին, եւ մենք ականատես եղանք ակնհայտ սխալ հաշվարկի:

Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հրադադարի:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը համաձայնել է միջազգային միջնորդների՝ տեղում դիտորդների քանակն ավելացնելու եւ զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ ներդնելու միջոցով հրադադարի ամրապնդման վերաբերյալ բոլոր առաջարկներին: Հայաստանը շարունակում է կողմ հանդես գալ այդ եւ այլ միջոցառումներին՝ ուղղված լարվածության ռիսկերի նվազեցմանը:

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն իսրայելական շատ զինամթերք (ԱԹՍ, հրթիռներ) է կիրառում: Արդյոք երբեւէ Ձեր անհանգստությունները բարձրաձայնե՞լ եք Իսրայելի կառավարության առջեւ: Արդյոք դիմե՞լ եք Իսրայելին՝ վերանայել այդ զենքի վաճառքն Ադրբեջանին:

Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ:

Մենք հետեւողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ եւ թե՛ միջազգային հարթակներում: Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին:

Ասում են՝ վերջին մարտական գործողությունների ժամանակ Հայաստանը հաջողությամբ խոցել է իսրայելական ԱԹՍ-ներ: Ի՞նչ կարող եք մեզ ասել այդ առնչությամբ:

Մեզ համար այդ զենքերը մահացու են, քանի որ դրանք սպանում են մեր մարդկանց: Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից: Ադրբեջանի կողմից ձեռք բերված եւ Հայաստանի ու Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության դեմ կիրառված սպառազինության մասին փաստերը բազմաթիվ են, եւ հուլիսյան դեպքերը հավելյալ ապացույցներ տրամադրեցին:

Տարիներ շարունակ Իսրայելը երկմտում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Արդյոք Դուք այդպիսի ակնկալիքներ ունե՞ք Իսրայելից: Արդյոք Դուք վերջերս բարձրացրե՞լ եք այդ հարցը Իսրայելում Ձեր գործընկերների մոտ:

Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է: Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ եւ հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը թե ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաեւ Իսրայելին: