«Դավիթի մասին շատ բան կարող եմ պատմել, որովհետև մենք շատ մտերիմ ենք եղել, ինքը շատ ընկերասեր էր, անընդհատ կռիվների մեջ էր, որովհետև, եթե իր ընկերներից մեկի խաթրին կպնում էին, ինքն իր ընկերոջ կողքին կանգնած էր»,- 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված 19-ամյա Դավիթ Կարենի Բաղդասարյանին այսպես նկարագրեց նրա մորաքրոջ աղջիկը՝ Էլեն Հարությունյանը:

«Դավիթն ապրում էր Աբովյան քաղաքում՝ ծնողների հետ, ունի իրենից մեծ եղբայր և փոքր քույր, ինքը տան միջնեկն էր: Ահավոր ընկերասեր, նույնիսկ իր մաման պատմում է, որ հենց լսում էր ընկերոջ ձայնը՝ միանգամից թռնում էր, իր հետևից ոչ մեկը չէր հասցնում գնալ, «Էս իմ ընկերոջ ձենն ա հաստատ», ու գնում էր: Ինքը շատ հոգատար, շատ ազնիվ տղա էր, բոլորիս մասին մտածում էր, օգնում, բոլոր հարցերում ես իրեն էի դիմում»,- պատմեց Դավիթի քույրը:

Էլենը հիշեց, որ եղբայրը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 10-ին, ասում է՝ տրամադրությունը շատ բարձր էր, արդեն ծառայության ընթացքում էլ պարբերաբար զանգահարում էր, պատմում բանակային կյանքից.

«Ասում էր՝ գնալու եմ, շատ լավ է լինելու, հետ եմ գալու անպայման, ասացինք՝ գնաս բանակ, գաս՝ շատ մեծ բանակի քեֆ կանենք, կնշենք քո հաղթական վերադարձը: Մենք շատ էինք նեղվում, որ գնալու է, բայց ինքը շատ ուրախ էր, շատ լավ էր տրամադրված, ուզում էր գնար բանակ: Զանգում բանակային կյանքից էր պատմում, որ շատ լավ է ամեն ինչ, հանգիստ է, նորմալ է, խաղաղ է, որ կանցնեն այս տարիները, և հետ կգա: Վերջին անգամ սեպտեմբերի 27-ին՝ կռվի ժամանակ, ընտանիքին էր զանգահարել, իսկ ավելի ուշ՝ ժամը 21:30, ես եմ իր հետ խոսել, ու դրանից հետո, ինչքան գիտեմ՝ կապ չի եղել: Հարցրեցի՝ Դավ ջան, ո՞նց ես, ամեն ինչ լա՞վ է, պատասխանեց՝ հա, Էլ ջան, ամեն ինչ լավ է, ուղղակի հիմա կապերը վատ են, սաղ լավ է լինելու, կզանգեմ մի քիչ հետո, ու վերջ»:

Նրա խոսքով՝ Դավիթն արձակուրդ դեռ չէր եկել, սակայն բոլորովին վերջերս նրա պապիկն էր մահացել, և Դավիթը մի քանի օրով եկել էր, որպեսզի մասնակցեր հուղարկավորությանը:

«Դեպքը սեպտեմբերի կեսերին էր եղել՝ կռվից մի քանի օր առաջ, եկավ, ներկա գտնվեց այդ արարողությանը, գնալուց էլ բոլորիս հաջող արեց, ինձ հաջող անելուց ասաց՝ դե, կհանդիպենք 10 ամսից, երևի, միշտ շեշտում էր այդ երևին: Եկավ, բոլորիս հաջող արեց, որ գնա… Ասում էի՝ Դավ ջան, նույնիսկ շուտ կգանք, չմտածես: Ապրիլին իր 20 ամյակն էր լրանալու, որոշել էինք՝ բոլորով գնայինք ու նշեինք, այն էլ չհասցրեցինք:

Էլենը նաև պատմեց, որ դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվել էր քոլեջ՝ ոսկերչություն էր սովորում և իր պատրաստած զարդերը սիրում էր նվիրել հարազատներին.

«Տոներին ինքը միշտ բոլորիս համար զարդ էր պատրաստում ու նվիրում, շատ էր սիրում իր մասնագիտությունը, հաճույքով էր անում իր աշխատանքը»:

Էլենը նաև տեղեկացրեց, որ Դավթի հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին՝ Աբովյան քաղաքում: