Չգիտեմ թուրքական սուլթանապետության նորօրյա համիդներն ինչպես, բայց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանձին նրա երբեմնի դասալիք միապետի, աստիճանաբար ու հետևողականորեն հայտնվում են անելանելի դրության մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ դա շնորհիվ «մեծ եղբոր» նախաձեռնած անհեռատես գործողությունների: Երևի թե Ալիևը, վատ երազում անգամ, չէր կարող պատկերացնել, որ իրեն դրդելով նման արկածախնդրության, նա ոչ միայն վտանգում է սեփական իշխանության ժառանգականության ապագան, այլև պետականությունը պահպանելու հեռանկարը:

Նա պետք է գիտակցեր, որ բացի արտաքին աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված որոշ խոչնդոտներից, Արցախի լեռներն ու անտառներն՝ իրենց աննկուն պահապաններով, դիմակայելու և սեփական կամքը պարտադրելու առանձնահատուկ շնորհով են օժտված: Այդպես եղել է միշտ և այդպես էլ լինելու է այս անգամ:

Իսկ դրանում համոզվելու համար որդի Ալիևին պետք չէր բացել ու կարդալ հույն կամ հռոմեացի պատմիչների քերթվածքներն Արցախի մասին: Նրան ընդամենը հարկավոր էր թերթել ու ծանոթանալ հայր Ալիևի կողմից 1993-ին և 94-ին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ գրված հիշողությունները և ամեն ինչ պարզ ու ուսանելի կդառնար: Չէ՞ որ, ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի»: