Սեպըեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մեր պատմության էջերը հերթական անգամ սևագրեց, ու տա Աստված, որ այն շտկելու, մաքրագրելու հնարավորություն ունենանք: Թեև, կա մի բան, որը երբեք էլ շտկել չենք կարողանա՝ մեր երիտասարդների կորսված կյանքերը, որոնք դարձան «մահվան փեսացուները»՝ առանց ապահարզանի իրավունքի:

Պատերազմից օրեր անց կամավորականի ուղին բռնեց նաև 20 ամյա Ալեն Բեգլարյանն, ով 2020-ի ամռանը՝ հուլիսին, պարտադիր ժամկետային ծառայությունը Մատաղիսում ավարտելուց հետո վերադարձել էր հայրենի Կապան ու անցել հանգիստ ու խաղաղ կենսակերպին: Հոկտեմբերի սկզբներին սեփական նախաձեռնությամբ զինվորագրվել էր ու խնդրել, որ իրեն տանեն Եղնիկներ, որտեղ մորաքրոջ որդին՝ Էդգար Ավանեսյանն էր ծառայում:

Ծնողները դեմ էին որդու կամավորագրմանը, ամեն կերպ փորձում էին խոչընդոտել, բայց՝ ապարդյուն:
«Ալեն, եթե դու գնաս, ես չեմ քնի», - ասում էր մայրը:
«Մամ, ես գնում եմ, որ դու հանգիստ քնես», - որդու պատասխանն էր:

Անգամ ավագ եղբայրը չկարողացավ նրա ճանապարհին կանգնել, նույնիսկ ընդհարվեցին:

«Դու ամուսնացած ես, դու կին ու երկու երեխա ունես ու նրանց համար ես պատասխանատու: Իսկ ես պիտի գնամ», - իր վճռական խոսքն ասեց կրտսերն ու ճանապարհվեց:

«Ես Երևանում էի սովորում, եղբայրս ինձ հետ մայրաքաղաքում էր մնում: Սկսած սեպտեմբերի 27-ից՝ անընդհատ ասում էր՝ գնալու եմ: Սակայն մեր ընտանիքը դեմ էր, ասում էինք՝ այնտեղ մի տղա ունենք, չենք ուզում երկրորդին ուղարկենք: Ալենիս ծառայության ընթացքում «Քաջարի մարտիկ» զինանշան էին տվել, փաստորեն գիտեին նրա էությունն ու տեսակը: Քանի որ Մատաղիսում էր ծառայել, շա՜տ էր մտածում Մատաղիսի մասին, շատ ընկճվեց, երբ իմացավ այնտեղ գտնվող իր ընկերների, հրամանատարի զոհվելու մասին… Ի վերջո զինվորագրվեց, բայց իրեն այդպես էլ Եղնիկներ չտարան, իսկ երբ հասկացավ, որ Սյունիքը վտանգված է, ու թշնամին Դավիթ Բեկ գյուղի մատույցներում է, անմիջապես գնաց այնտեղ», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Ալեն Բեգլարյանի մորեղբոր դուստրը՝ Ալլա Բաղդասարյանը:

Ալենն ընտանիքի սպասված զավակ էր, ավագ եղբորից 10 տարի անց էր ծնվել: Մանկուց աչքի է ընկել իր ինքնուրույնությամբ ու չարաճճիությամբ: Հետաքրքրված էր ավտոմեքենաներով ու սպորտով, օրվա մեծ մասը մարզասրահում էր անցկացնում:

«Շատ փոքր տարիքում վերցնում էր կաթսայի կափարիչն ու որպես ղեկ պտտելով՝ տնով մեկ վազվզում: Ավտոմեքենան իր թուլությունն էր, երեխայի պես էր խնամում: Դեռ փոքրուց ասում էր, որ պիտի զինվոր դառնա: 9-րդ դասարանում Երկրապահներին էր անդամագրվել, բազմաթիվ պատվոգրեր, գովասանագրեր ունի: Չհասցրեց որևէ կրթություն ստանալ. դպրոցն ավարտելուց երկու ամիս անց զորակոչվել է, զոհվելուց 4 ամիս առաջ՝ զորացրվել: Կարճ էր իր ապրած կյանքը, դեռ շատ անելիք ուներ, ուզում էր իր անձնական գործն ունենալ, գործարար դառնալ, ինչի հիմքերն ուներ», - հուզմունքով վերհիշեց զրուցակիցս:

Հարազատները նրան վեջին անգամ տեսել էին զոհվելուց մեկ օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, երբ հերթափոխը հանձնել ու վերադարձել էր՝ մի քանի ժամ հանգստանալու: Քույրը ժպիտով մտաբերում է, թե եղբայրն ինչպե՞ս էր հումորով պատմում, որ իրենց ջոկատում բոլորը «պապիկ» են, մեջների «ջահելն» ինքն է: Նկատում է՝ հատուկ չէր սափրվում, որ ինքն էլ մեծ երևա:

Ընտանիքն Ալենի կարոտը հիմա կրտսեր՝ Ալեն Բեգլարյանից է առնում. եղբոր երկու տարեկան որդին հորեղբոր անվանակիցն է:

«Հիմա բոլորս մեր պուճուր Ալենով ենք ապրում, փորձում ենք նրանով վերածնվել: Քանի որ տանը երկու Ալեն կար, փոքրիկին Ալենո էինք ասում, որ տարբերենք: Բայց հիմա նա այլևս Ալենն է: Թեև, անգամ նա այդ բացն անզոր է լրացնել», - ցավով ընդգծեց Ալլան:

20-ամյա երիտասարդը զոհվել է Դավիթ Բեկում՝ նոյեմբերի 8-ին, ականանետի (миномёт) հարվածից: Քույրն ընդգծում է՝ այդ օրը Դավիթ Բեկի միակ զոհն իր կամավորական եղբայրն է եղել, սակայն այդ մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել:

Ալեն Բեգլարյանը հուղարկավորված է Կապանի եղբայրական գերեզմանատանը (Բաղաբուրջի հուշահամալիր, հեղ.): Բեգլարյանների ընտանիքը հիմա մեկ ցանկություն ունի՝ իրենց որդին վերջին զոհը լինի, էլ երբեք ու ոչ ոք չզգա այն, ինչն իրենք են ապրում:

«Աստված Ալենին մեզ 10 տարի հետո տվեց, 20 տարի հետո՝ վերցրեց», - հերոսի ծնողների խոսքներն է մեջբերում Ալլան ու շարունակում՝ բոլորի սրտերը կոտրեց, ցավեցրեց, բայց իրենք հպարտ են Ալենով:

«Կենսախինդ էր, լավատես, ժպիտը միշտ դեմքին: Գրեթե չունի մի նկար, որտեղ չի ժպտում… Մենք իրեն շատ ենք կարոտում ու ապրում ենք իր մասին հիշողություններով և պատմություններով: Տա Աստված, որ վաղվա «Ալենները» խաղաղ երկնքի տակ ապրեն: Կարծում եմ՝ չկա այսօր մեկն, ով հարազատ, ընկեր, մտերիմ կամ ծանոթ չի կորցրել: Ուզում եմ, որ հերոս կորցրած բոլոր ծնողները, մայրերը շատ ուժեղ լինեն ու իրեց լավ նայեն: Վստահ եմ՝ մեր տղաները կցանկանային իրենց ծնողներին առողջ ու ամուր տեսնել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց հերոսի քույրը: