ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իմիտացիա է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների 4 տարով և 6 ամսով դատապարտումը. դա երկրի հեղինակությունը և դեմքը փրկելու համար տակտիկական քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը ընդգծել է, որ անկախ վեցամսյա կամ չորս տարվա պատժի առկայությունից՝ հայ ռազմագերիները ենթակա են եղել և հիմա էլ ենթակա են անհապաղ վերադարձման:

«Ի սկզբանե ունեցել ենք դիրքորոշում, որ դրանք շինծու քրեական գործեր են: Մեր տղաները հայրենիքի պաշտպանության իրականացնելուց զատ, այլ գործողություններում ներգրավված չեն եղել:

Ավելին, չեն գործել սեփական նախաձեռնությամբ, ինքնուրույն, այլ զորակոչվել են բանակ և հրամանատարության կողմից ստացել են հրաման ծառայություն իրականացնել մի տեղանքում, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ վերահաստատվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում է և պատերազմի արդյունքում չի հանձնվել Ադրբեջանին»,- ասել է Սահակյանը:

Ըստ իրավապաշտպանի` ադրբեջանական իշխանությունները տարաբնույթ ճնշումների են ենթարկվում` միջազգային գործընկերներն ազդակներ են հղում, որով ակնառու է ահաբեկչության և այլ արարքների բացակայությունը:

«Հիմա իրենք տակտիկապես որոշ մեղադրանքներ հանել են, բայց քաղաքական պատճառներով դեռևս պահում են մի արարք, որը ևս կատարված չէ` ապօրինի սահման հատելը: Հասկանում եք ենթատեքստը` այն տարածքները, որոնք Ադրբեջանը հռչակում է որպես ադրբեջանական: Դրանով Ադրբեջանը ահաբեկում է հայերին և հայ զինծառայողներին, որ եթե հրամանի հիման վրա առաջադրանք կատարեն այդ տեղանքում, կարող են սպառնալիքի ենթարկվել և քրեական հետապնդումների»,- նշել է Սահակյանը:

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը շեշտեց, որ շարունակելու են հետևողականորեն Եվրոպական դատարանում բարձրաձայնել ռազմագերիների ապօրինի դատապարտումը:

«Մենք որևէ կերպ չենք ընդունում, չենք ճանաչում թե դատավարությունը, և թե այս դատավարության արդյունքում կայացված որևէ դատավճիռ»,- հավելել է Սահակյանը:

Հարցին, թե ինչու Ադրբեջանի իշխանությունները նահանջեցին, չէ որ ռազմագերիներին ներկայացնում էին որպես դիվերսանտներ, ահաբեկիչներ, սպառնում էին ցմահ ազատազրկել, սակայն վերջում ռազմագերիներին դատապարտեցին չորս տարի կամ վեց ամիս ազատազրկման, Սիրանուշ Սահակյանը պատասխանել է, որ դա իմիտացիա է, քանի որ իրական շանսեր կան, որ այդ ամենը քանդվելու է, դա նաև հասկանում է իրենց մասնագիտական թիմը:

«Նախ, դրանով կփորձեն ավելի օրինականացնել ապօրինի հատելու մեղադրանքը: Ցույց են տալու, որ իսկապես անկախ ենք գործել, բայց անկախ գործելով կան արարքներ, որոնք կատարել են և այդ արարքների համար էլ ռազմագերիներին դատապարտում են: Քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ ամբողջ դատական գործընթացը միջազգայնորեն առ ոչինչ է ճանաչվելու, փորձում են դրա մի մասը զոհել, այլ մասը օրինականացնելու նպատակով»,- ասել է Սահակյանը:

Հարցին, թե արդյոք 12 հայ ռազմագերու 6 ամիս ժամկետով դատապարտելը չի նշանակում, որ այդ ռազմագերիները պատիժը արդեն իսկ կրել են, քանի որ 9 ամսից ավել գտնվում են Ադրբեջանում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ պետք է հասկանալ, թե որ փուլից են նրան եղել նախնական կալանքի տակ և այդ օրվանից սկսած պետք է պատիժը նվազի:

«Մենք չունենք շատ մանրամասն տեղեկություններ, որպեսզի կարողանանք հստակ պատասխան տալ, բայց մեր դիրքորոշումը դարձյալ հետևյալն է. անկախ վեցամսյա պատժի կամ չորս տարվա պատժի առկայությունից, տղաները ենթակա եղել են և հիմա էլ ենթական են անհապաղ վերադարձման:

Պարզապես, հետագայում նաև Ադրբեջանի հիմնավորումներն են նվազելու: Եթե հիմա որոշ առումներով միջազգային գործընկերների մոտ գերիներին չվերադարձնելը հիմնավորում էին իրավական գործընթացներով, ապա այդ ժամկետները լրանալուց հետո դժվար է լինելու հիմնավորել, թե ինչու չեն վերադարձնում»,-եզրափակել է Սահակյանը: