Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Գեղարքունիքի հատվածում մինչև Իրան ընկած Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման համար։

Ավելի վաղ համացանցում ՀՀ Գեղարքունիքի մարզում ռուսական դրոշներով ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարներ էին հայտնվել։


Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները, դրանք ՌԴ ՊՆ 102-րդ ռազմակայանի զինծառայողների հետ շրջող ռուսական սահմանապահ զորքերի հետախուզական խմբեր են։

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ եռակողմ բանակցություններ են ընթանում սահմանի ողջ երկայնքով` Գեղարքունիքից Սյունիք (այդ թվում նաև Խոզնավար գյուղի հատվածում` Գորիսից դեպի հյուսիս), ռուսական զինվորականներ տեղակայելու վերաբերյալ։


ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն իր հերթին նշել է, որ իսկապես բանակցություններ են տարվում Գեղարքունիքի մարզում ռուս զինծառայողներ տեղակայելու վերաբերյալ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Մեր տեղեկություններով` ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ նախապատրաստական բնույթի հարցերը լուծված են, սակայն ադրբեջանական կողմը դեռ համաձայնություն չի տալիս։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: