NEWSPRESS.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երասխի հատվածում հակառակորդի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից:

Արարատի մարզում գտնվող մեր աղբյուրը հայտնեց, որ առավոտից մինչ այս պահը պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ հակառակորդը փորձել է տրակտորի միջոցով ամրաշինական աշխատանքներ իրականացնել՝ կրակոցներ արձակելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Մինչ Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրություն տարածելը, NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանի հետ, ով չհերքեց կրակոցների մասին տեղեկությունը:

Նա, մասնավորապես, ասաց. «Ես չեմ մեկնաբանում սահմանի հետ կապված հարցերը, խնդրում եմ Պաշտպանության նախարարության լրատվությունից ճշտեք: Իսկ գյուղում ամեն ինչ հանգիստ է, ամեն մարդ իր գործին է, լարվածություն չկա, գյուղացիներն առօրյա իրենց ոգսերով են»,- ասաց համայնքի ղեկավարը:

Հարցին, թե այսինքն կրակոցների ձայներ չկա՞ն, համայնքապետը պատասխանեց. «Դե հիմա կա-չկա՝ Պաշտպանության նախարարությունից ճշտեք: Լսվում է, չի լսվում, հո ամեն ինչ հեռախոսով չենք ասելու»,- եզրափակեց Օղիկյանը՝ ըստ էության հաստատելով մեր տեղեկությունը, որն ավելի ուշ հաստատեց նաև ՊՆ-ն: