Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհված 3 զինծառայողներից Դավիթ Գառնիկի Քոչարյանը Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից։

Չինչին վարչական շրջանի ղեկավար Կարեն Դարբինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթը 19 տարեկան էր, 1 տարվա ծառայող։ Համալսարան էր ընդունվել, սակայն չէր հասցրել սովորել, ծառայության էր մեկնել։

«Շատ լավ, համեստ, դաստիարակված, խելացի երեխա էր։ Մի քույր ունի, ինքը փոքրն էր․․․ Ծնողները Ռուսաստանում են, այսօր զինկոմիսարիատի հետ գնացել, տեղեկացրել ենք ընտանիքին, գյուղում հորական և մորական տատիկ-պապիկներն են ապրում»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը, ապա հավելեց, որ այս պահին Մարտունի են գնում՝ Դավիթի մարմինը գյուղ տեղափոխելու։


Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։