Աֆղանստանի սահմանն Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ վերահսկվում է թալիբների կողմից, ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի ահաբեկիչների հնարավոր ներթափանցմանը, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեզ համար կարեւոր է այն, որ Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ սահմանը եւս վերցվել է թալիբների վերահսկողության տաք: Բոլոր անցակետերն ու սպառնալիքները, որոնք առաջ եկել էին Աֆղանստանի կողմից նախկինում, դա թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն է, դա ահաբեկիչների ներթափանցումն է մեր երկիր Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի տարածքով,եւ, իհարկե, դրանից սպառնալիքները չեն նվազում»,- ասել է նա «Իմաստների տարածք» երիտասարդական ֆորին:

Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի համար կարեւոր է, որպեսզի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցները պատրաստ լինեն դրան: «Դրա համար մենք, իհարկե, ամեն ինչ անում ենք»,- հավելել է նա:

Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերը, ըստ նախարարի, պետք է պատրաստ լինեն հետ մղել թալիբների հնարավոր սադրանքները՝ չնայած շարժման կողմից նման փորձեր չանելու հավաստիացումներին:

Նա նաեւ հիշեցրել է Տաջիկստանում եւ Ղրղզստանում տեղակայված ռուսական ռազմակայանների մասին: «Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի սպաների մեծ մասը վերապատրաստվում է մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մենք նաեւ զբաղվում ենք Տաջիկստանի, Ղրղզստանի բանակի արդիականացմամբ»,- ասել է Շոյգուն:

ՊՆ ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը վարժանքների ընթացքում ստուգել են զորքերի եւ զենքի պատրաստությունն Աֆղանստանի հետ սահմանին օգտագործելու համար, ինչը թույլ է տվել բացահայտել թույլ կողմերը:

Աֆղանստանում կառավարական ուժերի եւ զինյալների միջեւ դիմակայությունը շարունակվում է արդեն մի քանի տարի: Վերջին ամիսներին թալիբները գրավել են գյուղական եւ սահմանամերձ շրջանների մեծ հատվածներ եւ հարձակումներ են գործել խոշոր քաղաքների վրա: Էսկալացիան տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը Ռուսաստանի ԱԳՆ-ն Աֆղանստանում ԱՄՆ առաքելության ձախողման ճանաչում է անվանել: