Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հակառակորդի կրակոցների պատճառով երեկ՝ օգոստոսի 16-ին, տարհանվել էին հանքավայրի տարածքից։

NEWS.am-ի հետ զրույցում ասաց GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը պատմեց, որ տարհանվել է գիշերային հերթափոխը։

«Քանի որ կրակոցներ էին հնչում, այդ պատճառով գիշերային հերթափոխը տարհանվել է։ Ժամը 03։00-ի սահմաններում աշխատակիցները վերադարձել են հանքավայր»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին սրվել էր իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ժամը 18։10–ի սահմաններում, Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ եւ վիրավոր:

Ժամը 21.00–ի սահմաններում էլ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ եւ Նորաբակ գյուղերի վրա եւ բնակիչները փորձում են պատսպարվել: