Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենա՝ անվտանգության հարցերում ապավինելով արտաքին ուժերին: Այս մասին հայտարարել է Իրանի Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին, փոխանցում է IFP-ն:

«Հաշվի առնելով նրանց շարժառիթները, անօրինական նպատակներն ու շահերը, դա կարող է հանգեցնել ռազմական մրցակցության տարածաշրջանում եւ վնաս պատճառել: Բացի այդ, որքան մեծ է օտար ուժերի դերը, այնքան ավելի խորն է ընդունող երկրի կախվածությունը դրանցից»,- պարզաբանել է Խարազին:


Նա նախազգուշացրել է, որ «սիոնիստական ռեժիմը հետապնդում է չարագուշակ նպատակներ, որոնք կբոցավառեն պատերազմի կրակը տարածաշրջանում՝ Ադրբեջանի ներկայիս կառավարության ռազմավարական սխալների պատճառով, եւ դա աղետ կլինի»:

Նրա խոսքով, ժամանակին Իրանը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւին խորհուրդ էր տվել Իրանի հետ նյութատեխնիկական եւ կրթական համագործակցության միջոցով ամրապնդել երկրի զինված ուժերը` «գրավյալ տարածքները» վերադարձնելու համար: «Ցավոք, նա դա չընդունեց, եւ արդյունքում Ադրբեջանն ավելի կախված դարձավ արտաքին տերություններից ու դիմեց արտաքին ուժերի օգնությանը»,- ասել է նա:

«Տարածաշրջանի ո՞ր երկիրն է կարողացել մեծացնել իր ռազմական հզորությունը` իր տարածքում օտարերկրյա ուժերի առկայության շնորհիվ, որոնք այլեւս արտաքին ուժերի կարիք չունեն»,- տարակուսել է Իրանի Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը:

Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում անվիճելի ուժ է` իր ինքնուրույնության եւ արտաքին ուժերից անկախության շնորհիվ: Խարազին հարեւան հյուսիսարեւմտյան երկրին խորհուրդ է տվել ապավինել սեփական ժողովրդին, այլ ոչ թե փորձել «գնել անվտանգությունը» օտար ուժերից: