Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան: Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը, տեղեկացնում է «Sputnik Արմենիա»–ն։

«Sputnik Արմենիա»–ի տվյալներով` ինքնաթիռում գերիներ չկան։

Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս է։

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:

Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։ Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։