Աշխարհում խոշորագույն ԱՆ-225 «Մրիա» տրանսպորտային ինքնաթիռը ոչնչացվել է Հոստոմելի օդանավակայանում՝ Կիեւի մերձակայքում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ուկրոբորպրոմ»-ին:

«Ոչնչացվել է ուկրաինական ավիացիայի ֆլագմանը՝ լեգենդար ԱՆ-225 «Մրիա»-ն: Դա տեղի է ունեցել Հոստոմելում Անտոնովի օդանավակայանում, որտեղ գտնվում էր ինքնաթիռը»,-պատմել են կոնցեռնում:


Հոստոմելի օդանավակայանը «Անտոնով» ավիահամալիրի կազմում է: Օդանավակայանն օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ փորձարարական ավիացիայի համար:

Flight Radar օդանավերի մշտադիտարկման կայքի համաձայն՝ UR-82060 համարով ԱՆ-225 «Մրիա» ինքնաթիռը փետրվարի 5-ին ժամանել էր «Անտոնով» Դանիայի Բիլունդ օդանավակայանից, որից հետո չէր լքել օդանավակայանը:

ԱՆ-225 «Մրիա»-ն աշխարհում խոշորագույն տրանսպորտային ինքնաթիռն է, որը ստեղծվել է ԽՍՀՄ-ում: Փլուզումից հետո այն դարձել էր Ուկրաինայի սեփականությունը: Ի սկզբանե ստեղծվել էր երկու ինքնաթիռ, որոնցից միայն մեկն է ներկայում գտնվում թռիչքի համար պիտանի վիճակում եւ շահագործվում է Antonov Airlines ուկրաինական ընկերության կողմից:

Օդանավի ոչնչացման մասին առաջին հաղորդագրությունները համացանցում հայտնվել էին դեռեւս երեք օր առաջ, սակայն տեղեկատվությունը հերքվել էր: «Անտոնովը» դեռեւս չունի հստակ տեղեկատվություն ԱՆ-225-ի մասին: «Խնդրում եմ սպասել պաշտոնական տեղեկատվության»,-ասել են ընկերությունում: