Երկուշաբթի՝ փետրվարի 28-ի երեկոյան, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունների ավարտի շուրջ բանակցություններից հետո բալիստիկ հրթիռներով հարված է հասցվել Կիևի մատույցներում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

«Կիև: Աջ ափ, ձախ ափ: Պրիպյատի շուրջ բանակցություններից հետո ռուսները բալիստիկ հրթիռներ են արձակում: Մեր տեղեկություններով, Ուկրաինան ռուսների համար կոշտ պայմաններ է դրել, որոնք ներառում են զորքերի ամբողջական դուրսբերում Ուկրաինայից: Հաջորդ բանակցություններից առաջ Ռուսաստանը ցանկանում է բարձրացնել խաղադրույքները՝ շրջապատել Կիևն ու Մարիուպոլը։ Սա կլինի Ռուսաստանի վերջին փորձը, որին մեր բանակը պատրաստ է։ Առջևում վճռական ճակատամարտ է»,- գրել է նա Տելեգրամի իր ալիքում և հրապարակել պայթյունի տեսանյութը։