Ռուսաստանը բարի կամք է դրսեւորել՝ Ուկրաինայի հյուսիսային դիրքից զորքերը դուրս բերելով։ Այս մասին LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այդպիսով դրական պայմաններ են ստեղծվել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների համար։


«Մենք որոշել ենք գնալ այդ քայլին՝ որպես բարի կամքի ժեստ, եւ այդպիսով բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ենք ստեղծել։ Մենք կարող ենք լուրջ որոշումներ կայացնել բանակցությունների ընթացքում, եւ դա էր պատճառը, որ նախագահ Պուտինը հրամայեց զորքերը դուրս բերել տարածաշրջանից»,- ասել է Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա կտրականապես հերքել է Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության մեջ ռուս զինվորականներին ուղղված Կիեւի մեղադրանքները։ «Մենք վճռականորեն պնդում ենք, որ ցուցադրված կադրերը, լուսանկարները ծրագրված կեղծիքի արդյունք են»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ հրապարակված արբանյակային պատկերները մանրամասն կուսումնասիրվեն։