Իրանցիները հավաքել են ամերիկյան MQ-4C Global Hawk հետախույզ դրոն՝ 2019թ. հարավային Հորմոզգան նահանգում խփված անօդաչուի հայտնաբերված մնացորդներից, գրել է AwiaNews Telegramm-ալիքը, որը հրապարակել է դրա լուսանկարները։

Իրանի ԶՈւ-ն երեք տարի առաջ զենիթային հրթիռով խփել էր այդ հետախույզ դրոնը։ ԱՄՆ-ը բազմաթիվ անգամներ օգտագործել է դրոններ Իրանի շուրջ հետախուզություն իրականացնելու համար, այդ թվում ներխուժելով նրա օդային տարածք։ Օրինակ, 2011թ. RQ-170 Sentinel ամերիկյան հետախուզական դրոնը խախտել էր Իրանի տարածքը, այն որսացել էին։


«Իրականում դա MQ-4C-ի նախատիպն է՝ արդիականացված RQ-4-ից։ RQ-4-ը խփվել էր երեք տարի առաջ, ԻՀՊԿ-ի ՀՕՊ-ի կողմից, հարավային Հորմոզգան նահանգում։ ԱՄՆ-ը հավաստիացնում է, որ դրոնը չի մտել Իրանի օդային տարածք, եւ որ այն գտնվել է միջազգային օդային տարածքում, երբ խփվել է Իրանի հեղափոխական գվարդիայի կողմից»,- գրել է ալիքը։

MQ-4C Triton-ը ԱՄՆ ՌԾՈւ-ի մեծ հեռահարությամբ եւ բարձր թռիչքի հնարավորությամբ հետախուզական դրոն է։ Ստեղծվել է BAMS ծրագրի (ծովային լայն դիտարկման համար) շրջանակում։ Սարքը պետք է իրական ժամանակում հետախուզական տվյալներ ներկայացնի ընդարձակ օվկիանոսային եւ մերձափնյա տարածքների մասին, մակերեսի անընդհատ դիտարկումներ իրականացնի։ Դրոնը RQ-4 Global Hawk անօդաչուի ծովային տարբերակն է, դա ամերիկյան ռազմավարական հետախուզական անօդաչու է, որը ստեղծվել է Northrop Grumman դուստր ձեռնարկության՝ Teledyne Ryan Aeronautical ընկերության կողմից։ Ֆյուզելյաժը պատրաստված է ալյումինի համաձուլվածքից, թեւերը՝ ածխամանրաթելի հիմքով կոմպոզիտային նյութից։ V-աձեւ պոչամասը նույնպես կոմոպզիտային նյութերից է պատրաստված։ Չափերով եւ զանգվածով ամենամեծ սերիական անօդաչուն է աշխարհում։