Իրանի հարավում եւ հարավ-արեւելքում մեկնարկում են ամենամյա լայնածավալ զորավարժությունները։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալ, կոնտրծովակալ Հաբիբոլա Սայարին ասել է, որ ամենամյա զորավարժությունները կանցկացվեն Ջասկի շրջանում, հաղորդում է Mehr-ը:


Նրա խոսքով՝ զորավարժությունները ուղղված են զորքերի մարտունակության բարձրացմանը, որոնց կազմում են հետեւակային, զրահատանկային, ցամաքային զորքերի մեքենայացված ստորաբաժանումներ, սուզանավեր, նավեր եւ բանակային նավատորմի ռեյնջերներ՝ ռազմավարական կործանիչներով։

Նա ասել է, որ կտեղակայվեն ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչներ։

Սայարին նշել է, որ զորավարժությունները տարածաշրջանային միասնության ազդանշան կուղարկեն տարածաշրջանի երկրներին՝ հավելելով, որ «Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հնարավոր է հասնել, եթե ապավինենք տարածաշրջանի երկրների ուժին եւ միասնությանը առանց արտաքին ուժերի ներկայության»: «Պատմությունը ցույց է տալիս, որ օտար երկրները արեւմտյան Ասիայի տարածաշրջան ոչինչ չեն բերել, բացի անապահովությունից, պատերազմից եւ օկուպացիայից», - ասել է նա: