Թեհրանը Ռուսաստանից մինչեւ մարտի 21-ը մի քանի բազմաթիրախային Սու-35 գերմանեւրային կործանիչներ կստանա։ Այս մասին տեղեկացրել է իրանական Tasnim գործակալությունը, որը մեջբերել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարիի խոսքերը։

«Մենք Ռուսաստանին պատվիրել ենք պաշտպանության համակարգեր, հրթիռներ եւ ուղղաթիռներ, եւ այդ զինատեսակների մեծ մասը շուտով կմատակարարվի երկիր»,- ընդգծել է Հեյդարին։


Իրանի ՌՕՈւ հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին 2022թ. սեպտեմբերին նշել էր, որ Մոսկվայից Սու-35-եր գնելու հարցն օրակարգում է։

Իսրայելական i24news հեռուստաալիքը 2022թ. դեկտեմբերի 24-ին, հղում կատարելով հետախուզության աղբյուրին, որը հետեւում էր Մոսկվայի եւ Թեհրանի ռազմական գործարքներին, տեղեկացրել էր, որ Ռուսաստանն առաջիկայում Իրան կմատակարարի կործանիչների էսկադրիլիա։

Խոսքն, ամենայն հավանականությամբ, 24 Սու-35 կործանիչների մասին է, որոնք սկզբում նախատեսված էին Եգիպտոսի համար, տեղեկացրել էր հեռուստաալիքը։ Հետախուզության տվյալներով՝ իրանցի օդաչուներն արդեն մարզվել են այդ ինքնաթիռներով թռչելու համար։ Բացի այդ, Թեհրանը պետք է Մոսկվայից ստանար հակաօդային պաշտպանության համակարգեր, նշել է հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ Իրանն, իր հերթին, պետք է Ռուսաստան ուղարկի 300 հատ Shahed-136 կամիկաձե-դրոնների եւս մեկ խմբաքանակ՝ ի լրումն արդեն մատակարարված 1 700 անօդաչուների։ Մոսկվան հերքում է իրանական զենքի օգտագործումն Ուկրաինային հարվածելու համար։ Թեհրանն ընդունել է, որ Ռուսաստան է ուղարկել անօդաչուներ, բայց ոչ մեծ խմբաքանակով եւ մինչեւ Ուկրաինա ներխուժումը։