Ամերիկացի զինվորականները խփել են եւս մեկ չճանաչված թռչող օբյեկտ, այս անգամ՝ Գուրոն լճի մոտ, կանադական սահմանից ոչ հեռու։ Սա արդեն չորրորդ նման միջադեպն է փետրվարի սկզբից ի վեր։

Օբյեկտը կիրակի օրը խփել են ՌՕՈւ-ի եւ Ազգայն գվարդիայի օդաչուները, ասել է կոնգրեսական (Միչիգանից) Էլիսա Սլոթկինը։

Ինչպես տեղեկացրել է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով Կանադայի իշխանությունների ներկայացուցիչներին, օբյեկտը խփվել է ԱՄՆ-ի սահմանից մոտ 14 մղոն (22,5 կիլմետր) հեռու։

Կոնգրեսականների օգնականներից մեկի խոսքով՝ օբյեկտն ունեցել է ութանկյան ձեւ եւ գտնվել է 20 000 ֆուտ (6 կիլոմետրից մի փոքր ավելի) բարձրությունում՝ վտանգ ներկայացնելով կոմերցիոն ինքնաթիռների համար։ Ամերիկյան ԶԼՄ-ները, հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի՝ անունը չնշած ներկայացուցչին, տեղեկացրել են, որ օբյեկտից մի քանի թելեր էին կախված։

Պենտագոնի կարծիքով՝ վնասազերծված օբյեկտը սպառնալիք չէր ներկայացնում ռազմական տեսանկյունից, բայց ամերիկացի զինվորականները կարծում են, որ այն կարող էր օգտագործվել հետախուզական նպատակներով։

Փետրվարի 4. Ամերիկացի զինվորականները խփում են ենթադրյալ հետախուզական օդապարիկը Հարավային Կարոլինայում։ ԱՄՆ-ի պաշտոնյաների խոսքով՝ այն թռչում էր արդեն մի քանի օր, եկել էր Չինաստանից եւ հետեւում էր ռազմական օբյեկտներում տեղի ունեցող իրադարձություններին։

Փետրվարի 10. ԱՄՆ-ը խփում է եւս մեկ օբյեկտ՝ Ալյասկայի հյուսիսային մասում։ Ինչպես տեղեկացրել են պաշտոնյաները, այն շարժիչ կամ կառավարման համակարգեր չուներ։

Փետրվարի 11. Կործանիչը խփում է «մեծ բարձրությունում գտնվող օբյեկտը», որը գտնվում էր Կանադայի օդային տարածքում, Յուկոնում, ամերիկյան սահմանից մոտավորապես 160 կիլոմետր հեռու։ Այն ավելի փոքր չափի գլանաձեւ օբյեկտ էր, քան առաջին օդապարիկը։

Փետրվարի 12. Ամերիկյան կործանիչը խփում է չորրորդ օբյեկտը Գուրոն լճի մոտ։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Գուրոն լճի մոտ խփված օբյեկտը կապ ունեցել է անցած հանգստյան օրերին տեղի ունեցած միջադեպերի հետ, բայց Դաշնային ավիացիոն վարչությունը ժամանակավորապես փակել է օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար՝ սկզբում Մոնտանայում, հետո Միչիգան լճի օդային տարածքում, պաշտպանության նախարարության գործողությանն աջակցելու նպատակով։

Ավելի ուշ օդային տարածքը կրկին բացվել է։