Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ՝ ապրիլի 11-ին, ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված 26-ամյա լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը Վայոց ձորի Վայք քաղաքից էր:

NEWS.am-ին համայնքապետարանից պատմեցին, որ Հենրիկ Քոչարյանը մինչեւ զինվորական դառնալը սովորել էր նաեւ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Տան ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ու եղբայր ուներ:

Նա մասնակցել է նաեւ 44-օրյա պատերազմին: Ջաբրայիլի շրջանի մարտերին մասնակցելիս ուսի հատվածում մեկ անգամ վիրավորում է ստացել, ապաքինվել ու կրկին վերադարձել է մարտի դաշտ, եւ ստացել երկրորդ վիրավորումը ոտքի հատվածում:

«Պատերազմին զոհված ընկերոջ մարմինն իր ձեռքերով է դուրս բերել մարտի դաշտից»,- պատմեցին համայնքապետարանից:

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում երեկ փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։