Ադրբեջանական կողմից կրկին թիրախավորվել է Հայաստանի Կապան քաղաքի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։

Այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

«Անվտանգության աշխատակիցները հյուրերին շտապ տարհանել են տարածքից։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել՝ չնայած հարձակմանը։ Դրանում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, քաղաքացիներ։

Նման ահաբեկչության գործողությունները վտանգում են անմեղ կյանքերն ու կայունությունը»,- գրել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առավոտյան վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան:

Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ օգոստոսի լույս 18-ի գիշերը՝ ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։