«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգը մարտի 29-ին կրկին հավաքվելու է՝ կարեւոր ժողովի։ Մասնավորապես՝ ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամ, որտեղ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին է, եւ նա, ըստ դատական համակարգի, միաձայն էլ կանցնի։ Բացի այդ, ժողովին ընտրելու են ՍԴ թեկնածու, ինչպես նաեւ դատավոր Սերգեյ Մարաբյանի հրաժարականից հետո թափուր է մնացել Դատավորների ընդհանուր ժողովի՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ասել է թե՝ ժողովը թեժ է լինելու։ Սակայն, դատական համակարգում կարծում են, որ «կռիվը» տեղի կունենա ՍԴ թեկնածուի ընտրության ժամանակ։


Բանն այն է, որ ՍԴ դատավոր դառնալու համար իր թեկնածությունն է կրկին առաջադրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր. դատավորները նրան չընտրեցին եւ 158 ձայն բաշխեցին Դավիթ Բալայանին, սակայն, Բալայանին ՔՊ-ն չընտրեց: Տեսնենք, թե այս անգամ դատական համակարգը ինչպե՞ս կքվեարկի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: