ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունն անդրադարձել է ՀՀ-ում նախատեսված հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը:

«Մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինվորներ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կմասնակցեն «Արծիվ գործընկեր» խաղաղապահ զորավարժություններին:


Ամերիկյան 1-ին բրիգադի, 101-րդ օդադեսանտային դիվիզիայի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներն ու Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի զինվորներն ուսումնավարժությունները կանցկացնեն Երևանի մերձակայքում գտնվող Զառ և Արմավիր ուսումնական տարածքներում»,- նշված է հրամանատարության հաղորդագրությունում։

««Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է մեր երկու երկրի զինվորների համար մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու և խաղաղապահ գործողությունների փոխգործունակությունը մեծացնելու համար: Այն նաև հիմնված է Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի 20-ամյա հարաբերությունների վրա»,- ասել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի գնդապետ Մարտին Օ՛Դոնելը:

Պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի պետական գործընկերությունը սկիզբ է առել 2003 թվականից:

Զորավարժությունները ծրագրում են հայկական 12-րդ խաղաղապահ բրիգադին նախապատրաստել ՆԱՏՕ-ի գործառնական հնարավորությունների հայեցակարգի (OCC) գնահատմանը՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում՝ այս տարվա վերջին: