Ռուսաստանի Դաշնության կառավարությունն իր հրամանով հոկտեմբերի 16-ից այլ պետությունների տարածքից Ուկրաինայի քաղաքացիների Ռուսաստան մուտքի ժամանակավոր կարգ է մտցրել․ 14 տարեկան և դրանից մեծ ուկրաինացիները կարող են մուտք գործել միայն Պսկովի մարզի «Լուդոնկա» ավտոմոբիլային անցակետով և «Շերեմետևո» օդանավակայանի օդային անցակետով, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Նոր ժամանակավոր կարգը չի ազդի մինչև 14 տարեկան Ուկրաինայի քաղաքացիների վրա, որոնք ճանապարհորդում են երրորդ երկրներից ինքնուրույն կամ օրինական ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Փաստաթղթում նշվում է, որ սա ժամանակավոր միջոց է, որն ուղղված է ներկա պայմաններում Ռուսաստանի Դաշնության բնակիչների անվտանգության ապահովմանը։

Կառավարությունը պարզաբանել է, որ կարգը որը գործում է Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք գտնվում են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողության գոտում, մնում է անփոփոխ։ Նրանք Ռուսաստան են մտնում Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտների և հարակից տարածքների վարչական սահմանին տեղակայված անցակետերով։