Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական հատուկ ծառայությունները, Արցախում գործողությունն ավարտելուց անմիջապես հետո Ադրբեջանի զինված ուժերի եւ անվտանգության ուժերի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել իսրայելցի գործընկերներին։ Ինչպես եւ 2020թ. հարձակման ժամանակ, Իսրայելի աջակցությունը վճռական եղավ ադրբեջանական բանակի գործողություններում։ Այս մասին գրել է «Միլիտարիստ» Թելեգրամ-ալիքը։

Ռեսուրսի տվյալների համաձայն՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էյալ Զամիրը այցելել է Բաքու հարձակումից մի քանի օր առաջ, որտեղ իմացել է Ադրբեջանի ռազմական պլանների մասին եւ խորհրդակցություններ անցկացրել։ «Մոսադի» եւ իսրայելական «Աման» 8 200 ռազմական հետախուզության ստորաբաժանման փորձագետները երկրում էին գործողությունից մի քանի շաբաթ առաջ, որպեսզի խորհուրդներ տան եւ բարելավեն տվյալների հոսքերը, հիմնականում՝ պատկերներով։

«Ռազմական գործողությունից առաջ կտրուկ ավելացել էին սպառազինությունների եւ տեխնիկայի մատակարարումները՝ Israel Aerospace Industries (IAI), Rafael Advanced Defense Systems (որը գնել էր Aeronautics-ներ եւ Բաքվում դրանց հիմնական մատակարարն էր) ընկերությունների անօդաչուները եւ Israel Military Industries-ի (IMI) սպառազինությունը։ Վերջին երկու ամսում դիտորդները նկատել են, որ 15 ադրբեջանական բեռնատար ինքնաթիռներ վայրէջք են կատարել Օվդա ռազմական ավիաբազայում, իսրայելական Էյալաթ ամառանոցային քաղաքից (Կարմիր ծովի ափին) ոչ հեռու, Նեգեւի անապատում։ Օվդան միակ օդանավակայանն է, որտեղից կարելի է դուրս բերել պայթուցիկ Իսրայելից։ Վերջին յոթ տարում Օվդայում վայրէջք է կատարել ադրբեջանական 92 բեռնատար ինքնաթիռ։

Ռազմական եւ հետախուզական աջակցությունից բացի՝ գործընկերության մաս է կազմել նաեւ կիբեռտարածքը։ Իսրայելական եւ հայկական անվտանգության ծառայության աղբյուրները տեղեկացրել են, որ NSO Group-ից բացի՝ վերջին տարիներին Ադրբեջանին օգնել են նաեւ իսրայելական այլ կիբեռընկերություններ։

IAI եւ Aeronautics անօդաչուները, ինչպես նաեւ IMU-ի հրթիռային սարքերը զգալի ավանդ են ներդրել Բաքվի ռազմական հաջողության մեջ 2020թ. նախորդ հակամարտության ժամանակ։ Վերջին տասնամյակում Իսրայելը Ադրբեջանին վաճառել է 10 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա։ Փոխարենը նա գնել է ադրբեջանական նավթ եւ նրա տարածքն օգտագործել որպես Իրանի մասին հետախուզական տեղեկատվության հավաքման կենտրոն։

Երկու երկրների միջեւ ռազմավարական այս պակտը կնքվել է 2012թ., այն բանից հետո, երբ Իսրայելը խզեց հետախուզական գործընկերությունը Թուրքիայի հետ։ Այդ ժամանակվանից Բաքուն ծառայում է որպես «Մոսադի» գլխավոր բազաներից մեկը Իրանի մասին հետախուզական տվյալներ հավաքելու համար։ Օրինակ, երբ 2018թ. հունվարին «Մոսադի» աշխատակիցները գողացան իրանական միջուկային արխիվները Թեհրանում, դրանք ուղարկվեցին ադրբեջանական սահման»,- նշել է «Միլիտարիստ» Թելեգրամ-ալիքը։