Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերը ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հետ միասին համատեղ զորավարժություններ են անցկացրել Չեդժուդո կղզու հարավում Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումից հետո։ Այս մասին հունվարի 17-ին տեղեկացրել է Հարավային Կորեայի ԶՈւ շտաբների պետերի կոմիտեն։

«Զորավարժություններն ուղղված են Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային սպառնալիքի դեմ երեք երկրների զսպման եւ արձագանքման պոտենցիալի ամրապնդմանը»,- նշվել է հաղորդագրությունում, որը մեջբերել է Yonhap գործակալությունը։

Զորավարժությունները տեղի են ունեցել հունվարի 15-17-ին։ Շտաբների կոմիտեի ղեկավար Կիմ Մյոն Սուն այցելել է Carl Vinson ամերիկյան ավիակիր եւ իրականացրել մի շարք վարժանքներ, որոնց ընթացքում հղկվել է ծովում սպառնալիքներին դիմակայման արձագանքումը։

Գործակալությունը նշել է, որ սա առաջին եռակողմ զորավարժությունն է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Ճապոնիայի եւ Կորեայի հետ միասին գործարկեց տեղեկատվության փոխանակման համակարգը Հյուսիսային Կորեայի հթրիռային արձակումների մասին իրական ժամանակի ռեժիմում։ Կողմերը նաեւ պայմանավորել են համատեղ ստեղծել զորավարժությունների բազմամյա պլան, որպեսզի ավելի լավ դիմակայեն Փհենյանի աճող սպառնալիքներին։