2024 թ. ապրիլի 1–ից մինչև հունիսի 28–ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 4799 քաղաքացի, որոնցից 4353–ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144–ը` ավագ ենթասպայական կազմի, 302–ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Յուրաքանչյուր քաղաքացի վարժական հավաքների ընթացքում կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։

Վարժական հավաքների ապահովման համար կներգրավվի նաև մինչև 25 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատորներ` խրամատափորներ):