Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր հերթական ամփոփագրում տեղեկացրել է, որ հարձակման ընթացքում ռուսական բանակը կարող է հարձակողական գործողություններ վարել միայն մեկ օպերատիվ ուղղությամբ։

ISW-ի փորձագետները ենթադրում են, որ այդ ուղղությունը կարող է դառնալ Դոնեցկի մարզի արեւմուտքը, մասնավորապես Ավդեեւկա քաղաքի շրջանը, որը վերջերս անցել է ռուս զինվորականների վերահսկողության տակ։

Որ ՌԴ բանակի հիմնական ջանքերը կարող են կենտրոնանալ հենց այդ ուղղությամբ՝ վկայում է, ըստ ինստիտուտի, ռուսական ուժերի չհաջողված գրոհը, որը տեղի է ունեցել մարտի 30-ին Ավդեեւկային մոտ գտնվող Տոնենկոյե գյուղի մոտ։

Ինչպես նշված է ամփոփագրում, ուկրաինական ուժերն այս շրջանում կարողացել են հետ մղել ռուսների գրոհը։ ISW-ի հեղինակները, հղում կատարելով ուկրաինացի զինծառայողներին, գրել են, որ մարտի 30-ին Տոնենկոյեի մոտ ՌԴ բանակը մարտի է ուղարկել 36 տանկ եւ 12 հետեւակի զրահամեքենա։

«Կիրակի հրապարակված կադրերում երեւում են մեծ քանակությամբ ոչնչացված եւ վնասված ռուսական զրահատեխնիկա եւ տանկեր,- տեղեկացրել է ISW-ն։- Ուկրաինացի զինծառայողներն ասում են, որ գրոհի ժամանակ Ուկրաինայի ԶՈւ-ն ոչնչացրել է 12 ռուսական տանկ եւ ութ զրահամեքենա։ Նրանք նշում են, որ ճակատային հարձակման փորձը ուկրաինական պաշտպանական գծի բեկման չի հանգեցրել»։

ISW-ի փորձագետների կարծիքով՝ մարտի 30-ի գրոհի մասշտաբը էական փաստ է, քանի որ ռուսական ուժերը չեն դիմել նման գործողությունների Ավդեեւկայի հարձակումից ի վեր 2023թ. հոկտեմբերին։

«Ուկրաինայի՝ մարտի 30-ի գրոհը հետ մղելու ունակությունը հատկապես Ավդեեւկայի մոտ, որտեղ ուկրաինական զորքերը ստիպված էին նահանջել, «դրական վկայությունն է այն մասին, որ Ուկրաինայի ԶՈւ-ն կարող է պաշտպանվել ռուսական ապագա հարձակումներից 2024թ. ամռանը»,- կարծում են փորձագետները։

Ավդեեւկայի մոտ ռուսական ուժերի հարձակման մասշտաբը վկայում է այն մասին, որ ռուսական ռազմական ղեկավարությունը առաջնահերթ է համարում հենց այդ ուղղությունը, եւ հենց այստեղ կարող է կենտրոնանալ ապագա ամառային հարձակումը, ենթադրում են ISW-ի ամփոփագրի հեղինակները։

Ուկրաինացի պաշտոնյաները վերջերս նախազգուշացրել են Խարկով-Լուգանսկ առանցքում ռուս զինծառայողների կուտակման մասին, Բախմուտի, Ավդեեւկայի մոտ եւ Զապորոժիեի մարզի արեւմուտքում։ Բայց ISW-ն շարունակում է կարծել, որ ՌԴ բանակը կկարողանա մասշտաբային հարձակողական գործողություններ սկսել միայն մեկ օպերատիվ ուղղությամբ՝ զորակազմի եւ պլանավորման սահմանափակումների խնդիրների պատճառով»։