Այսօր կլրանար հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999 թ.-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, «ՀՀ Ազգային հերոս», «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր Վազգեն Սարգսյանի 57-ամյակը:

Վազգեն Սարգսյանը ծնվել է ՀԽՍՀ Արարատի շրջանի (ներկայումս՝ ՀՀ Արարատի մարզ) Արարատ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, որը ավարտելուց հետո 1976 թ.-ին ընդունվել է և 1979 թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1979-1983 թվականներին աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև որոշակի հանգամանքների հետևանքով ազատվել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում զինվորական ծառայությունից։ 1983-1986 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանի՝ կոմունիստական երկիտասարդական միության (կոմսոմոլ) քարտուղարը։ 1985 թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Առաջին պատմվածքը լույս է տեսել «Գարուն» ամսագրում՝ «Վերջը» վերնագրով։1988 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների ժողովածուն՝ «Հացի փորձություն» խորագրով։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես գովազդային-քարոզչական բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ ։ 1990-1995 թթ.-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, որի ընթացքում՝ 1990-1992 թթ.-ին հանդիսացել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991-1992 թթ.-ին ՀՀ պաշտպանության նախարար, 1992-1993 թթ.-ին ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993-1995 թթ.-ին ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար։ 1995 թ.-ին կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ 1999 թ.-ին դարձել ՀՀ վարչապետ։

Վազգեն Սարգսյանի անձի մասին ժողովրդի մոտ դրական կերպար ստեղծելու ուղղությամբ պետական և տարբեր հասարակական շրջանակների կողմից բավականին մեծ աշխատանք է իրականացվել։ Նրա պատվին ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրերում կանգնեցվել են արձաններ և կիսանդրիներ, անվանակոչվել փողոցներ, այդ թվում՝ Երևանի կենտրոնում, իսկ Արարատի մարզի Արարատ գյուղում ստեղծվել է թանգարան։ Նրա անունով է անվանակոչվել նաև Երևանում գտնվող ռազմական ուսումնարաններից մեկը։