Արցախի հերոս, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կարծում է, որ ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո սուպեր նախագահական համակարգ չի լինելու, քանի որ խորհրդարանի վերահսկողության մեխանիզմները ևս ընդլայնվում են։ Tert.am-ի հետ զրուցում նա ասաց, որ նախագահական համակարգը ԼՂՀ-ում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով այն, որ պատերազմի թատերաբեմում է։ Վիտալի Բալասանյանը նաև կարծում է, որ Հայաստանի ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Ադրբեջանը կարող է սադրանքների դիմել, բայց եթե պատերազմ հրահրի, քարտեզի երեսից այս անգամ կջնջվի։

Անդրադառնալով ՀՀ-ում ներքաղաքական խմորումներին, Վիտալի Բալասանյանն ասաց, որ անընդունելի է Սեյրան Օհանյանի վարքագիծը և հայտարարությունները բանակում պաշտոնանկությունների վերաբերյալ։ Նա նաև ընդգծեց, որ ՀՀ և ԼՂՀ Ժողովուրդը պետք է պահանջի, որ զինվորի հացը խլողները, սադրանքների դիմողները հենց այս պահին պատասխանատվության ենթարկվեն։

- Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է անցկացվում ԼՂՀ-ում, ի՞նչ նշանակություն այն ունի ժողովրդի համար և ինչպե՞ս եք վերաբերում միջազգային արձագանքին։

- Մենք առաջին անգամ չէ, որ հանրաքվե ենք անցկացնում։ Խնդիրն այն չէ, որ ԼՂՀ սահմանադրությունը վատն էր, այլ մենք պետք է ժամանակի հետ քայլենք, սահմանադրական փոփոխությունները, միանշանակ, պետք են և՛ ժողովրդին, և՛ մեր պետականաշինությանը։ Արցախ անվանումը ևս տեղ է գտել, և մենք պետք է վերադառնանք պատմական, իրավական արմատներին։ Ինչ վերաբերում է միջազգային հանրության չճանաչելուն, ապա դա իրենց խնդիրն է, պարտադրել չենք կարող, կգա ժամանակ, անկախությունը կճանաչեն, հաշվի կնստեն։

- Սահմանադրական փոփոխությունները քննադատողները նշում են, որ սուպեր նախագահական երկիր է դառնալու, նախագահի լիազորություններն ավելանալու են, պաշտոնավարման ժամկետը երկարաձգվելու է։

- Դա այդպես չէ, երևի այդ մարդիկ ընդհանրապես սահմանադրության որևէ էջ չեն թերթել , եթե ասում են սուպեր նախագահական է։ Եթե նայեք, ավելի շատ կարելի ասել՝ խորհրդարանական լիազորություններն են ավելանում, նախագահականին զսպող մի շարք լիազորություններ կան։

Մեզ պետք է միանձնյա ղեկավարություն, նախագահական ինստիտուտն Արցախին միանաշանակ պետք է, պատերազմի թատերաբեմում ենք գտնվում։ Երբ այլևս այդպես չլինի, կրկին հանրաքվե կլինի, ժողովուրդը կորոշի։

- Պարո՛ն Բալաասնյան, մի շարք ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ նշում են, որ ՀՀ-ում ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը պառակտվում են, իսկ Ադրբեջանը կարող է օգտվել առիթից ու պատերազմ սադրել։ Դո՞ւք ինչ եք կարծում։

- Թշնամաբար չեմ վերաբերում Ադրբեջանում բնակվող բնակչությանը, բայց թշնամաբար եմ վերաբերում Ադրբեջանի իշխանություններին։ Մի փաստ կարող եմ ֆիքսել. վերջերս, երբ Աղդամի ուղղությամբ սկսեցին թնդանոթներով կրակել, ես անձամբ ականատես եմ եղել, որ թնդանոթից մոտավորապես 300 մետր առաջ և մոտավորապես 250 մետր ձախ Ադրբեջանի գյուղացիները կարտոֆիլ էին ցանում, իսկ Ադրբեջանի ԶՈւ-ն թնդանոթով մեր դիրքերին է կրակում։ Ի՞նչ իշխանությունների մասին է խոսքը, երբ սեփական ժողովուրդը սահմանին աշխատում է, հանապազօրյա հացի խնդիր ունի, բայց ինքը կրակում է։ Մենք միշտ զուսպ ենք մնում, կարող ենք թնդանոթը ոչնչացնել, բայց խաղաղ բնակիչներին մոտ տարածքում է, միշտ զերծ ենք մնում։

Ճիշտ է, Ադրբեջանի իշխանությունները նենգ են և ստոր, և կարող են փորձել` առիթից օգտվելով, որ ապրիլի երկուսին ընտրություններ են լինելու, բայց, միանշանակ, մենք չենք պարտվելու, եթե Ադրբեջանը կրկին փորձի պատերազմ սկսել ՝ թող ականջին օղ անի պարտության մասին չենք խոսելու, Ադրբեջանը կջնջվի քարտեզի երեսից։

Բայց կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին՝ զերծ մնալ ներքաղաքական լարվածությունից, ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները խաղաղ, հանգիստ անցնեն։ Ապրիլի 2-ին, ապրիլի 3 -ին է հաջորդելու բարեհամբյուր «բարի լույսը»։

- Պարո՛ն Բալասանյան, դուք ասել եք, որ ապրիլյան պատերազմից հետո դասեր ենք քաղել , ի՞նչ ունենք այսօր՝ հատկապես ռազմական համալրման մասով։ Ունեցանք նաև պաշտոնանկություններ, որոնց մի մասի հետ կապված Պաշտպանության նախկին նախարարը նշել էր, թե համաձայն չէ։

- Ապրիլյան օրերին այս դահլիճում լրատվամիջոցներից մեկն ինձ հարց ուղղեց, որ Սեյրան Օհանյանն ասել է՝ հետապնդում չի լինի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էին, ես ասելի էի , որ Սեյրան Օհանյանը չէ որոշողը՝ հետապնդում լինելու է, թե ոչ։

Միանշանակ, նախկին նախարար Սեյրան Օհանյանի կատարած քայլը շատ սխալ է, անկախ ամեն ինչից՝ ինքը զբաղեցրել է ուժային կառույցի ղեկավարի պաշտոն, և ես ցավով եմ նշում, որ ամսի 21 –ին շքերթ ընդունող նախարարը 22 –ին արդեն ընդդիմություն է և փնովում է, խոսում է իշխանության մասին, որի հետ ճանապարհ է անցել։

- Կարծում եք՝ բանակում պառակտումնե՞ր կլինեն։

- Համոզված եմ, որ բանակում պառակտումներ չեն լինի, կան մարդիկ, որ կարող են փորձել քարոզարշավ անել, բայց դա թիվ չի կազմում։ 100 տոկոսով համոզված եմ, որ ԼՂՀ և ՀՀ ուժային կառույցները այդպիսի քայլերի չեն դիմի։ ՀՀ և ԼՂՀ քաղաքացիները պետք է պահանջատեր լինեն իշխանությունների նկատմամբ, որ նրանք, ովքեր ժամանակին կատարել են սադրանքներ, կամ գողություն, զինվորի հացն են խլել, հենց էս պահին պատասխանատվության ենթարկվեն։ Եթե ես այդ ցուցակում կամ, թող առաջին մարդը ես լինեմ, որ պատասխանատվության կենթարկվի։

- Այսօր նաև ԼՂՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններ են, Ասկերանից պատգամավոր է ընտրվելու, երկու թեկնածու է առաջադրվել, մեկը Ձեր եղբայրն է՝ Վաչիկ Բալասանյանը, ով բարձրաձայնել է, որ իրեն խոչընդոտում են։ Դուք ձեր եղբորը չե՞ք աջակցում։

- Որևէ խնդիր չեմ տեսել, ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է, ոմանք դա շահարկում են, բայց պատգամավորի՝ թեկնածու լինելը տոհմի ժառանգություն չէ, երկու թեկնածու կա։ Ես որևէ մեկին չեմ խոչընդոտել, ժողովուրդը մեր շրջանում ազատ է, եղել եմ այդ շրջանի և՛ հրամանատարը, և՛ երկար տարիներ պատգամավորը, բայց չի եղել մեկը, որին խնդրեի, որ ինչ-որ մեկի օգտին քվեարկի։

- Իսկ Ձեր եղբորը չե՞ն խոչընդոտում։

- Այդպիսի բան չկա, ովքեր ասել են, համոզված եմ, որ հեքիաթներ են ասել։

Նյութի աղբյուրը՝ Tert.am