Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած Հրանտ Մանգասարյանը Սպիտակի շրջանից էր, սակայն ընտանիքը վարձով Երեւանում է ապրում:

NEWS.am-ին հարազատները պատմեցին, որ Հրանտը տան միակ որդին էր, 5 քույր ուներ:

Հարազատների պատմելով` Հրանտը երեք ամսից զորացրվելու էր, ապրիլյան պատերազմի մասնակից էր: Թե ինչ հանգամանքներում է զինծառայողը զոհվել, ընտանիքը դեռ չգիտի:

Նախնական տեղեկություններով, կատարվածն անփութության հետեւանք է:

Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2017թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:10-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: