Լragir.am-ը գրում է.

Մարտի 12-ից 17-ը Ադրբեջանի զինված ուժերը լայնամասսշտաբ զորավարժություններ են անցկացնելու: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշված է, որ զորքը հակառակորդի հարձակումը հետ մղելու, ինչպես նաեւ հակահարվածների միջոցով պաշտպանության գիծը վերականգնելու ու հետագայում լայնամասշտաբ հակահարձակում իրականացնելու առաջադրանքներն է կատարելու:
Այսպիսի ձեւակերպումներ առաջին անգամ են հնչում, հատկապես «մասշտաբային հակահարձակողական գործողության» մասով: Ադրբեջանի նախկին զորավարժությունների ձեւակերպումները ստանդարտ էին: Օրինակ, 2017 թվականի զորավարժություններն անց էին կացվել «հարձակողական գործողությունների պայմաններում զորքերի փոխգործակցությունը, բազմակողմանի ապահովումն ու կառավարումը» ստուգելու համար: 2017 թվականի ապրիլի 16-ին վարժանքներն անց էին կացվել «զորքերի մարտական պատրաստվածությունը, ուժերի ու միջոցների կառավարման կազմակերպումը եւ մարտականին մոտ պայմաններում դրանց փոխգործակցությունը ստուգելու նպատակով»:
Ի՞նչ հակահարձակման է պատրաստվում Ադրբեջանը, հատկապես այդ երկրում ընտրություններից առաջ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է, որ Հայաստանում ու Ադրբեջանում ընտրություններից հետո բանակցություննեը կվերսկսվեն, եւ կողմերին առաջարկվել է կարգավորման «իրական» պլան:
Ադրբեջանական «հակահարձակողական» վարժանքները նշանակու՞մ են, որ Բաքուն բանակցություններից դրական արդյունք չի ակնկալում եւ պլան Բ է պատրաստում: Թե՞ «հակահարձակողականը» հենց պլան Ա-ն է, իսկ բանակցությունները՝ միայն քողարկումը:
Ադրբեջանի ռազմական պլանի առկայությունը նորություն չէ, բայց Ադրբեջանի համար գնալով բարդանում է ռազմական գործողություններ իրականացնելու «քարտ բլանշ» ստանալը: Անցյալ տարի, երբ ադրբեջանցի լրագրողը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հարցրեց, թե արդյոք Ռուսաստանը կաջակցի Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությանը», նա կոշտ պատասխանեց, որ ղարաբաղյանը խնդիրն Ադրբեջանի ներքին գործը չէ:
Իր հերթին, օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը Թրենդին տված հարցազրույցում ասել է. «Չնայած ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»:
Շոֆերի խոսքով, բանակցային գործընթացն աշխուժացնելու եւ լարվածությունը թուլացնելուն ուղղված լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վճռականությունն արտացոլում է այդ իրողությունը:
Գրեթե նույն բանն է ասել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, որը հիշեցրել է, որ Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ Ալիեւը նախընտրական ելույթում հայտարարել է, որ ադրբեջանցիները պետք վերադառնան իրենց պատմական հողեր՝ Երեւան ու Զանգեզուր:
Ադրբեջանն այսպիսի մասշտաբային զորավարժություններ էր անցկացրել նաեւ 2016 թվականի հունիսին Սանկտ Պետերուրգում հանդիպումից առաջ՝ Վիեննայի հանդիպումից մեկ ամիս հետո, որտեղ Բաքվին գրեթե «համոզել էին» սահմանին մոնիտորինգի մեխանիզմներ ներդնել: Ալիեւը Սանկտ Պետերբուրգ էր մեկնել ավելի մարտական տրամադրվածությամբ, ստացել Ռուսաստանի աջակցությունը: «Համարձակության» համար էլ 25000 զինվորներով զորավարժություն էր անցկացրել:
Այն ժամանակ Էդվարդ Նալբանդյանը բողոք էր հայտնել զորավարժությունների կապակցությամբ:

 Նյութի աղբյուրը՝ Լragir.am