Զինվորներին սննդի ապահովման գործող համակարգը ոչ ոքի չի գոհացնում: Այս մասին, նոյեմբերի 4-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ Արցախի արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը եւ Արցախի նախագահը զրուցել են զինծառայողների հետ՝ լսել հրամանատարների եւ շարքային կազմի կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է նախ եւ առաջ զինվորների հարմարավետության համար:


«Ակտիվորեն քննարկում ենք սննդի ապահովման հետ կապված խնդիրները եւ հույս ունենք, որ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, կիրականացնենք պիլոտային ծրագրի միջոցով՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք արդյունավետ: Պարզ է, որ գործող համակարգը ոչ ոքի չի գոհացնում՝ ո՛չ հրամանատարական կազմին, ո՛չ զինվորներին, ո՛չ ծնողներին: Նաեւ կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը նրանց անպատեհորեն շեղում է զուտ մարտական պատրաստվածության խնդիրների լուծումից, եւ մենք խնդիր ունենք, որպեսզի զինվորականությունը զբաղվի բացառապես զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան շատ ժամանակ եւ էներգիա չծախսի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: