Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ հռետորաբանությունն ու չսպառնալ ուժի կիրառումով։ Վերջինը կոչ է արել Փաշինյանին ծանոթանալ 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին, գրում է Haqqin.az-ը: «Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 հայտնի սկզբունքների շարքում երկրորդ՝ «ուժ չկիրառելու և ուժի սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքում նշվում է. «Միջազգային մակարդակով կողմերը զերծ կմնան ուժի գործադրմամբ պետության տարածքային ամբողջականության կամ անկախության խախտումից»: Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին, որ առաջարկում է հրաժարվել ուժի կիրառումից, հրատապ քայլեր ձեռնարկել՝ միջազգային հանրության պահանջներին համապատասխան իր երկրի զինված ուժերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու ուղղությամբ` տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: