Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը կամ ելույթի հայտնի մասը՝ որովհետև ելույթը առերևույթ դատաիրավական համակարգի ռեֆորմի մասին էր, առաջացրել է քննարկումների և գնահատականների մեծ ալիք: Կան ուժեր, որոնք այդ մտադրությունը համարել են ողջունելի, կան ուժեր՝ վտանգավոր: Այստեղ դավադրապաշտական շարժառիթների վերաբերյալ դատողություն չանելու համար անդրադառնանք գործնականում համընդհանուր մի հենքի՝ գաղտնիության հանգամանքին:

Անկասկած է, որ այստեղ կա գաղտնիության հանգամանք, և ամեն ինչ չէ, որ հնարավոր է քննարկել հրապարակավ, քանի որ կշոշափվեն ազգային անվտանգության խնդիրներ: Սա թերևս առավել քան պարզ մի բան է, ինչպես, օրինակ, 1+1-ը: Մյուս կողմից՝ արդյո՞ք դա նշանակում է, որ պետությունը չպետք է ձեռնամուխ լինի այդ պատերազմի հանգամանքների ուսումնասիրմանը, եթե կան կասկածներ և հանրային հարցադրումներ, որոնք գործնականում տարբեր հարթակներից հնչել են այս տարիների ընթացքում պարբերաբար: Ավելին, դրանք հնչել են անգամ նախկին իշխանության համակարգը ներկայացրած տարբեր շրջանակներից՝ հենց այդ իշխանության շրջանում, ապրիլյան պատերազմից հետո, 2017-ի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, Սերժ Սարգսյանի վարչապետության հարցին ընդառաջ:

Այսինքն՝ ապրիլյան քառօրյայի վերաբերյալ հարցադրումներ միմյանց ներկայացրել են նախկին իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչներ, տարբեր հանգամանքների վերաբերյալ՝ հենց այդ իշխանության գոյության ընթացքում: Դա նշանակում է, որ հարցերն ամենևին հեղափոխությունը չէ, որ առաջացրել է կամ առաջացնում է: Բայց հեղափոխությունը տվել է դրանք ստանալու հնարավորություն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել, ինչպես, ինչի համար և այլն: Ընդ որում, ստանալ պատասխան ամենևին չի նշանակում բոլոր հարցերը հնչեցնել հրապարակավ և բոլոր հարցերի պատասխանները հրապարակավ ստանալ: Սակայն այստեղ կա նաև մի նուրբ հանգամանք:



Ապրիլյան քառօրյան հաճախ դիտարկվում է առավելապես կոռուպցիոն համակարգի տրամաբանության տեսանկյունից, այսինքն՝ դիտարկվում է կոռուպցիայի հետևանքի շրջանակում, մինչդեռ խնդիր կա հասկանալու ոչ միայն կոռուպցիան, որը եղել է գործնականում ամբողջ հետանկախական շրջանում: Խնդիր կա հասկանալու քաղաքական գործընթացներն ու վարքագծերը, որ դրսևորվել են ապրիլյան քառօրյային տանող ժամանակաշրջանում, որպեսզի այդ իմաստով հանրությունը ստանա շատ հստակ ուղենիշներ, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակում որ վարքագիծն է տանում դեպի Հայաստանի վրա պատերազմական ռիսկերի ճնշումների մթնոլորտի ուժգնացում:

Այլ կերպ ասած՝ այստեղ խնդիրը ընդհանրապես Հայաստանի նոր կամ ապագա քաղաքական համակարգի իմունային բազայի ձևավորումն է, ինչը պետք է ենթադրի ապրիլյան քառօրյայի դիտարկում հենց այդ պրիզմայով, որովհետև Հայաստանի քաղաքական համակարգի իմունային բազայի հիմքում եղել է, կա և անկասկած լինելու է Արցախյան հայկական հարցը և առաջին խնդիրը, որ մենք պետություն ունենալու ենք որևէ պարագայում, դա իմունային համակարգում հենց այդ բազայի ոչնչացումն է:

Այստեղ է գլխավոր հարցը, և գործնականում այստեղ է նաև գլխավոր կասկածը, որ ապրիլյան քառօրյա ագրեսիայի Ադրբեջանը դիմել է կամ համարձակվել է դիմել այն բանից հետո, երբ նկատելի կամ շոշափելի է դարձել, որ Հայաստանում տարիների ընթացքում առաջացել է քաղաքական համակարգի այդ իմունային բազայի խնդիրը: Եվ այստեղ նույնիսկ հարցն այն չէ, որ պետք է ուսումնասիրման արդյունքում մեղադրանքներ ներկայացվեն որևէ մեկին: Դա չափազանց մանր և գուցե ինչ-որ իմաստով նույնիսկ մանիպուլյացիոն կարող է լինել:

Գլխավոր խնդիրն այն է, և այդ դեպքում հնարավոր կլինի համարել, որ նախաձեռնությունը արդյունավետ է, որ վերականգնվի հայաստանյան քաղաքական համակարգի իմունային բազան կամ այլ կերպ ասած՝ ինքնիշխանության մինիմումը, որը հիմնված է չորս առանցքային կետի վրա՝ լեգիտիմ իշխանություն, մարտունակ բանակ, մրցունակ տնտեսություն, քաղաքական իմունային համակարգ:

Մենք մինչև 2018 խնդիր ունեինք երեք բաղադրիչի հետ՝ բացառությամբ մարտունակ բանակի: Թավշյա հեղափոխությունից հետո արդեն խնդիրը մեկով պակասել է՝ լեգիտիմ իշխանություն: Մնացել է երկուսը ինքնիշխանության մինիմումի ամբողջացման համար՝ մրցունակ տնտեսություն և քաղաքական համակարգի իմունային բազա:

Նյութի աղբյուրը՝ 1in.am