Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անդրադառնալով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գործառույթներին, նշեց, որ եթե կա հանրային պահանջ, կա նաև հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն․ «Եթե հանրությանը կբավարարի այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, իմիջիայլոց, նաև այն հարցերը, որոնք մեր հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում են առաջացել մեր հանրության մեջ, դրանք կփարատվեն»,- լրագրողների հետ զրուցում ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով հարցին, թե վերոնշյալ դեպքերի վերաբերյալ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ ուսումնասիրություններ կատարվել են, նախարարը պատասխանեց․ «Դրանք առկա են և կտրամադրվեն հանձնաժողովին։ Դա մասնագիտական վերլուծություն է, որը որ հանրության համար բաց չէ։ Այդ վերլուծությունը կտրամադրվի հանձնաժողովին։ Սիրով կհամագործակցենք հանձնաժողովի հետ»,- նշեց Տոնոյանը։

Անդրադառնալով տեղեկատվությանը, թե առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, պաշտպանության նախարարը նշեց․ «Մերն էլ են թռնում ամբողջ երկայնքով։ Հատուկ ջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից։ Երեկոյան և այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»: