ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 23-ին, «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկումների ժամանակ անդրադարձավ Ելփին գյուղի անվտանգության հետ կապված անհանգստություններին:

«Եթե «անհանգստություն» բառն իրավունք ունի գոյություն ունենալու, պետք է լինի կոնֆլիկտի, սահմանի ողջ երկայնքով, ապա այն ոչնչով պակաս չէ Նախիջեւանը Տավուշից, Արցախից կամ Սյունիքից:

Որեւէ տարբերություն չկա, որովհետեւ եթե որոշ բնակավայրեր գտնվում են որոշակի խոցելիության գոտում, ապա դա երկկողմանի է, ու եթե Հայաստանի բնակաբվայրերի X քանակության տեղամաս է հասանելի ադրբեջանական զենքի համար, ապա հայկական կողմի համար հասանելի են 2X բնակավայրեր: Եթե մենք ունենք 28-30 բնակավայր, որ հրաձգային զենքերով կարելի է խոցել, ապա իրենք ունեն ավելի քան 60 այդպիսի բնակավայր, իսկ եթե չափենք բնակիչների քանակով, իրենց մոտ 3 անգամ ավելի շատ բնակիչներ կան խոցելիության գոտում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը: