Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ հաստատեց երեկ Տավուշում զինծառայողի ինքնասպանության դեպքը:

«Ինքնասպանություն է գործել 1998 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունի Ներկարարյանը: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը: Այլ մանրամասներ չեմ կարող ասել: Կլինի քննություն»,-ասաց խոսնակը:

Անդրադառանալով արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերին` Հովհաննիսյանն ասաց. «Կարծում եմ, որ մենք գրեթե չունենք օր, որ նման դեպքեր չլինեն: Ուղղակի այդ դեպքերին աստիճաններ կան, քանակ կա որոշակի, որից բարձր ու ցածր իրավիճակը հստակեցվում է: Վերջին շրջանում մենք, բարեբախտաբար, չունենք խախտումների այնպիսի աստիճան, որը կարելի է համարել մտահոգիչ կամ աճած որոշակիորեն: Օրական մինչև մեկ-երկու տասնյակ դեպքերը, հատկապես երբ տրամաչափերը փոխհրաձգային զենքերից են, կարծես թե մեզ համար դարձել են առօրյա երևույթ»: