Ըստ Երևանի քաղաքապետարանի 8 տարի առաջ ստորագրված տենդերի համաձայն, պետբյուջեից ամեն տարի 220 միլիոն դրամ դուրս է գրվում՝ թափառող հիվանդ շներին քնեցնելու, առողջներին՝ ստերիլիզացնելու համար: Սա միայն պաշտոնական կողմն է, այնինչ, «Փրկենք կենդանիներին» բարեգործական ՀԿ նախագահ Նունե Մեհրաբյանը նշում է, որ այսօր միմիայն սպանդի միջոցն է կիրառվում: «Քաղաքից իրենց կազմակերպությանը շներին հավաքել են տալիս, այդ թվում ընգրկելով նաև կամավորների կողմից ստերլիզացված կենդանիներին»,-նշում է նա ու հավելում, որ քաղաքապետարանը իրենց կողմից կատարված մոտ 8000 կենդանու ստերլիզացում են ներկայացրել, որոնք ոչ ոք չի տեսել:

«Որտե՞ղ են այդ կենդանիները, և եթե ստերլիզացնում են, ինչու են հետո բոլորին գնդակահարում»,- նշում է նա:
Կազմակերպությունը Երևանից մոտ 18 կմ հեռու գտնվող Նոր Արտամետ գյուղի բնակիչները ցույց են տվել այրված շների ոսկորներ, լիդոկայինի ամպուլաներ: «Սա կրիմինալի գործ է, որովհետև հնարավոր չէ պատկերացնել, թե մարդկային դաժանության որ աստիճանում է գտնվում շանը լիդոկայինով քնեցնելը»,- ասում է Ն. Մեհրաբյանը՝ նշելով, որ բնակիչների հետ էլ են խոսել, ովքեր ասել են, որ բացի սարսափելի հոտերից, ամեն օր լսում են այդ կրակոցների ձայները:

«Շատ հակահիգիենիկ վիճակ է, էնտեղ մարդիկ են ապրում, երեխաներ կան, ես չեմ պատկերացնում թե այդ նյութերը տեսնելուց ինչ պատասխաններ պետք է տա Տարոն Մարգարյանը»,- նշեց Ն. Մեհրաբյանը, փոխանցելով, որ մի փոքր առաջ կամավորները զանգել են կացարան, որպեսզի որդեգրեն կենդանիներին, իսկ իրենք չեն տվել:

«Ոչ մի քաղաքակիրթ երկրում կենդանիների համար նախատեսված կացարաններից չեն ասում մենք շուն չենք տալիս, պետք է սպանենք, դա արդեն չլսված է»,- ասում է Ն. Մեհրաբյանը:

Անդրադառնալով երեկ Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, ըստ որի քաղաքացիները պահանջում էին դադարեցնել թափառող շների զանգվածային սպանդը, Ն. Մեհրաբյանը նշեց, որ իրենց տրամադրած տվյալները աբսուրդային են: Ըստ փաստաթղթային տվյալների, քաղաքապետարանից ներկայացրել են, որ 45-ից 46 հազար շան հետ գործողություն են կատարել՝ 37 հազարին իբր քնեցրել են, 8000-ից ավել կենդանու ստերլիզացրել են:

Ն. Մեհրաբյանը նշում է, որ 9 մլն բնակչություն ունեցող Մոսկվայում 25.000 շուն է հաշվառված: «Ըստ այդ ցուցանիշի կարող ենք ենթադրել, որ մեզ մոտ 10.000-ից 12.000 շուն կարող է լինել, այն էլ ուռճացված»,- ասում է մասնագետը, ու հարց ուղղում, որ ինչպես են 46.000 շան հետ գործողություն կատարել, եթե մենք դեռևս ունենք այդքան մեծ քանակությամբ թափառող շներ:

«Քանի որ իրենք իրենց են հաշվետվություն ներկայացնում, դրա համար լկտի թվաբանություն է իրականցվում»,- նշում է Ն. Մեհրաբյանը, ավելացնելով, որ այլ բառով դա անհնար է որակել:

Նունե Մեհրաբյանի խոսքով, կարելի է յուրաքանչյուր քաղաքացու հարցնել, թե արդյոք պակասել ենթափառող շները, թե՝ ոչ: «Եթե` ոչ, ապա ինչու՞ են 8 տարի շարունակ պարզապես բյուջեից գումարներ դուրս բերում»,- նշում է նա՝ ավելացնելով, որ կամավորների կողմից կենդանիները որդեգրվում են, ստերլիզացվում, ինչը դրական է, քանի որ միայն սպանդի միջոցով նրանց քանակը բազմապատկվում է: