Արթուր Աբրահամը, (ծնված որպես Ավետիք Աբրահամյան, փետրվարի 20, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։ 2005-2009 թթ. Եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009 թվականից հանդես է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։ 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի # 14 լավագույն բռնցքամարտիկ։

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2015 թ. շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Գերմանական “Մաքս Շմելինգ” 2010 թվականի գեղարվեստական ֆիլմում խաղացել է Շմելինգի մրցակիցներից մեկին՝ Ռիխարդ Ֆոգտին։

Արթուր Աբրահամն ամուսնացած է Լուսյա Հովհաննիսյանի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Գրիգոր, Մարիա, Դիանա։

Արթուր Աբրահամը մասնակցել է Super Six World Boxing Classic մրցաշարին, որը մրցույթ էր երկրորդ միջին քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Մրցաշարի խմբակային փուլի առաջին մարտում Աբրահամը նոկաուտով պարտության մատնեց Ջերմեյն Թեյլորին, սակայն անզգուշությամբ որակազրկվեց Անդրե Դիրելի հետ մարտում։