Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն այսօր հրաժարական տվեց։ Մամուլի ասուլիսին ներկա էր նաև իր որդին՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը․ «Շատ կարճ արտահայտվեմ։ Հայրս նշեց, որ իմ միակ խնդիրն այն է, որ ես իր որդին եմ։ Բայց դա իր համար հպարտություն է։ Իրոք, ինչքան որ իր համար է հպարտություն, այդքան էլ իմ համար է հպարտություն, որ նա ծնողս է։ Շատերը կերազեն իր պես ծնող ունենալ։ Ինչ վերաբերում է ինձ․ կմասնակցե՞մ օլիմպիական խաղերին, թե՞ ոչ, ասեմ՝ նպատակն անփոփոխ է, պայքարելու եմ Տոկիո-2020-ի համար։ Մինչև չտեսնեմ ուղեգիր չունեմ, չեմ հանձնվի։ Նպատակս մեկն է՝ ուղեգիր նվաճելը։ Հավաքականի կազմում, թե առանձին՝ կորոշենք անձնական մարզիչներիս՝ Լևոն Ջուլֆալակյանի և Արամ Ջուլֆալակյանի հետ»։