Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից մեկնարկած «Ավելի մաքուր Երևան» խորագրով ծրագրի շրջանակում, մայրաքաղաքի հանգստի մի շարք կանաչապատ գոտիներն ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերն ավելի մաքուր դարձնելու նպատակով, իրականացվեցին սանմաքրման աշխատանքներ, որին մասնակցել է ավելի քան 10 հազար կամավոր:

«Ավելի մաքուր Երևան» ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն, որտեղ կազմակերպվեցին մաքրման աշխատանքներ, Արաբկիր վարչական շրջանի «Արաբկիր» և Քանաքեռ ՀԷԿ-ի զբոսայգիներն էին: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մաքրման աշխատանքներին միացել էր շուրջ 200 կամավոր:

Ինչպես Արաբկիրում, այնպես էլ նախորդ վայրերում մաքրման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել քաղաքապետարանի ենթակայության կառույցները, վարչական շրջանների աշխատակազմերը, հասարակական և երիտասարդական կազմակերպությունները, վետերանները, պետական մի շարք կառույցներ, դիվանագետներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ:
Իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ նա, մասնավորապես, նշել է. ««Ավելի մաքուր Երևան» ծրագրի հիմնական նպատակն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները՝ զբոսայգիները, պուրակներն ու անտառպուրակային գոտիները մաքուր և բարեկարգ վիճակում պահել է: Մեր հորդորն ու խնդրանքն է բնակիչներին, որ ինչպես կամովին մասնակցում են այս ծրագրին և դառնում մայրաքաղաքն ավելի մաքուր դարձնելու քաղաքապետի կոչին գործընկեր, նույն հոգատարությամբ էլ մաքուր պահեն այս տարածքները: Մենք նախատեսում ենք առաջիկայում շարունակել ծրագիրը և ընդգրկել նաև նոր վայրեր»,-նշել է Կամո Արեյանն ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր մայրաքաղաքի նկատմամբ իրենց սրտացավ վերաբերմունքը գործով են արտահայտում:

Ծրագրի ամբողջ ընթացքում քաղաքապետարանը հոգացել է մասնակիցներին անհրաժեշտ պարագաներով ապահովումը: Որոշ դեպքերում, անհրաժեշտության դեպքում, աշխատանքներին ներգրավվել են աղբատար, ջրցան և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ:
Հիշեցնենք, որ «Ավելի մաքուր Երևան» ծրագրի առաջին փուլում մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, «Հաղթանակ զբոսայգու», «Կարմիր բլուր» հնավայրի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, «Փարոս» անտառպուրակի, Ծիծեռնակաբերդի, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու, «Եռաբլուր» պանթեոնի հարակից և Արաբկիր վարչական շրջանի 2 զբոսայգիների տարածքները: