«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայտարարությունը
«Սիրելի՛ հայրենակիցներ, լրագրողական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, քիչ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից սրահում՝ լրագրողների աշխատանքային գոտում, «Հրապարակ» օրաթերթի կողմից որպես լրագրող հավատարմագրված Վահե Մակարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարևորելով խոսքի ազատությունը, լրագրողական համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, անընդունելի և խիստ դատապարտելի է համարում նման վարքագիծը։
Նման վարքագծով առաջին հերթին արժեզրկվում է լրագրողի մասնագիտությունն ու լրագրությունն առհասարակ։


Կոչ ենք անում ԱԺ աշխատակազմին Ազգային ժողովում ապահովել աշխատանքային բնականոն միջավայր։ Լրագրողական կազմակերպություններից ակնկալում ենք միջադեպի վերաբերյալ հստակ գնահատական, ինչպես նաև լրագրողների կողմից պետական մարմիններում և առհասարակ լրագրողական էթիկայի կանոնների պահպանման ուղղությամբ գործուն քայլեր»։