Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Կոլոննան հայտարարել է Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության նոր հանդիպման հնարավորության մասին։

Ապրիլի 28-ին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում Քաթրին Կոլոննան, պատասխանելով հարցին այն մասին, որ կոչերը չեն ազդում Ադրբեջանի վրա, ընդգծել է, որ միակողմանի քայլերը չեն կարող օգտակար լինել, չեն կարող նպաստել խաղաղ գործընթացին։


Նրա խոսքով, այս սկզբունքային դիրքորոշման հետ համաձայն են միջազգային հանրությունը եւ ՄՔԴ-ն։ Նախարարը հայտարարել է, որ կա բանակցային գործընթաց, որին Հայաստանը համարձակորեն ներգրավվել է, պետք է ընդլայնել գործընթացը, զարգացնել այն։ «Մենք դեռ չենք խոսել նոր հանդիպումների մասին՝ երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ։ Պրահայում ձեռք բերվածի հիման վրա կարեւոր է նոր հանդիպումներում համաձայնության նոր կետեր գտնել։ Նախարարն այդ մասին ավելի լավ կասի։ Միգուցե Քիշնեւում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում նախատեսվող հանդիպմանը մենք կարողանանք, առիթ ունենանք, հույս, բարձր մակարդակով երկխոսություն անցկացնել, ինչպես հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Գործընթացն ընթացքի մեջ է»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով, այս փուլում միջազգային հանրությունը կարող է խոսել սկզբունքների ու իրավունքների մասին, բայց նաեւ գործել եւ ուղեկցել, նպաստել գործընթացին։

Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովը տեղի կունենա հունիսի 1-ին Քիշնեւում։