«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ գրել էինք, որ ՀՀ իրավապահ մարմինների եւ ռուս գործընկերների միջեւ բանակցություններ են ընթանում՝ Հայաստան բերվող կոկաինի պատմությանն առնչություն ունեցող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին արտահանձնելու շուրջ։

Եվ այդ մասին ԱԱԾ տնօրենը հայտարարել էր ԱԺ-ում` փակ քննարկման ժամանակ, վստահեցնելով, որ Պողոսյանին ռուսական կողմը հանձնելու է: Իհարկե, 2018-ից հետո բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Հայաստանը պահանջել է՝ այս կամ այն անձին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, եւ մերժվել է, սակայն մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ ՌԴ-ն այս անգամ համաձայնել է արտահանձնել, քանի որ որոշել են Պողոսյանին փոխանակել Հայաստանում վերջերս բռնված մի օրենքով գողի հետ, որին Ռուսաստանը շատ է ուզում ստանալ։

Մենք պարզել ենք, որ խոսքն Արսեն Մկրտչյանի՝ «Արսեն Երեւանսկու» մասին է, որին ձերբակալել են այս տարվա մայիսի 30-ին: Նրա փաստաբանն այդ օրերին հայտարարել էր, որ «Արսեն Երեւանսկու» նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ռուսաստանում հարուցված քրեական գործի հիման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում