ԱՄՆ վարչակազմի անդամները խոսել են ռուսաստանյան գործընկերների հետ ՌԴ-ում վերջին իրադարձությունների առիթով, ABC հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ես չեմ խոսել, բայց վարչակազմի մյուս անդամները խոսել են ռուսաստանյան գործընկերների հետ, նախևառաջ նրա համար, որ ուզում ենք համոզվել, որ Ռուսաստանը հասկանում է Ռուսաստանի տարածքում գտնվող ամերիկյան քաղաքացիների և մեր անձնակազմի բարօրության մասին հոգ տանելու իր պարտավորությունը։ Մենք ուզում էինք համոզվել, որ նրանք ուշադրության կենտրոնում են, քանի իրադարձությունները ծավալվում են»,- ասել է Բլինքենը։


Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ-ի տելեգրամյան ալիքում հայտարարություն էր եղել այն մասին, որ ՄՌԿ-ն օդային հարձակման է ենթարկվել։ Դրա մեղքը դրվում էր ռուսաստանյան ռազմական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել էր «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման վերաբերյալ մեղադրանքը, իսկ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի նկատմամբ՝ ռազմական խռովության կոչ անելու մեղադրանքով։ Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել է, որ հսկողոթյան տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանը։ Այնուհետև հաղորդումներ եղան, որ Վորոնեժի բոլոր առանցքային օբյեկտները նույնպես վերցվել են «Վագներ» ՄՌԿ-ի հսկողության տակ։ Հունիսի 24-ի ուշ երեկոյան Պրիգոժինը հայտարարեց, որ «Վագներ» ՄՌԿ-ն շրջում է իր շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։