Ստեղծված անորոշության պայմաններում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կոչ է անում հնարավորինս շուտ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության նպատակով հանդիպում անցկացնել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության բարձրաստիճան անանուն պաշտոնյան։

Եվրամիության պաշտոնյայի խոսքով՝ Սոֆիայում նախատեսված, սակայն չկայացած հանդիպումից հետո Ստեփանակերտ-Բաքու նոր հանդիպման հարցն այս պահին փակուղում է, ընդ որում՝ նշել է, որ սեղանին որևէ նոր առաջարկ չկա, ու առայժմ հայտնի չէ՝ երբ և որտեղ կարող է կողմերի հաջորդ հանդիպումը կայանալ։ Եվրոպացի պաշտոնյան պնդել է, թե Բրյուսելը շարունակում է մնալ անշահախնդիր ու անկեղծ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում։

«Նախագահ Միշելն ադրբեջանական կողմին շեշտել է Լաչինի ճանապարհը բացելու անհապաղ անհրաժեշտությունը՝ համապատասխան Միջազգային քրեական դատարանի կանոնադրության, և որպեսզի կանխվի հետագա լարվածությունը։ Նա նաև ի գիտություն է ընդունում ադրբեջանական կողմի պատրաստակամությունը հումանիտար օգնություն տրամադրել այլ ճանապարհներով, ներառյալ՝ Աղդամով», - հավելել է «Ազատության» աղբյուրը։